Շանթ Հարությունյանի և ընկերների դեմ հարուցված քրեական գործով այսօր դատարանում հնչել է բոլոր 14 ամբաստանյալների գործով մեղադրական եզրակացությունը։ Նրանք բոլորն էլ մեղադրվում են խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բնռություն գործադրելու մեջ, իսկ 40-ամյա Հայկ Հարությունյանի վրա դրված է նաև հոգեմետ նյութ պահելու մեղադրանքը։ Հարությունյանի քույրը Epress.am-ին հայտնել է, որ որպես հոգեմետ դեղ քննիչները համարել էին իրենց շան համար տարիներ առաջ գնված դեղերը։
Մեղադրյալներից և ոչ մեկը չի ընդունել առաջադրված մեղադրանքը։
Մասնավորապես, Սևակ Մնացականյանն ասել է, որ ինքն ու իր ընկերները այնքան հեռու են խուլիգանությունից, որքան Հայաստանում իշխանությունը բռնագրավածները՝ պետական մտածողություն ունենալուց։
«Ես օգտվել եմ իմ սահմանադրական իրավունքից, դուրս եմ եկել երկրում հաստատված բեսպրեդելի դեմ: Ներկայումս ոչ թե կալանավորված եմ, այլ գտնվում եմ գերության մեջ: Սահմանում թուրքերն են գերեվարում, ստեղ՝ դուք, ի՞նչ տարբերություն»,- ասել է նա:
«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես խուլիգանություն չեմ արել: Ես կալանավորված չեմ, այլ գտնվում եմ իշխանության գերության մեջ: Իմ արարքը արժանի է հարգանքի»,- ասել է ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը։
«Ես որպես խուլիգան չեմ կարող մեղադրվել: Ինձ շատ-շատ կարող եք մեղադրել ՀՀ սրտացավ քաղաքացի լինելու մեջ»,- ասել է Հայկ Հարությունյանը։
«Յուրաքանչյուր երկիր ունի ներքին և արտաքին կորուստ. արտաքինից կորցրել ենք 1,5 մլն, ներքինում` 2,5 մլն: Եթե մենք կռվում ենք արտաքին թշնամու դեմ, ի՞նչ տարբերություն, ես նույն կերպով կռվում եմ մի իշխանության դեմ, որը 10 անգամ ավելի շատ կորուստ է մեզ տվել»,- ասել է Սևակ Մնացականյանը։