Հունիսի 12-ին քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատավարության մեկնարկին ձերբակալված Հայկ Կյուրեղյանի (լուսանկարում) արարքը բողոքի դրսևորում էր, և այն ողջունելի է։ Այս մասին այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասել է Շանթ Հարությունյանը՝ հավելելով, որ Հայկին իր պայքարի ընկեր է ճանաչում։ Հիշեցնենք, որ Կյուրեղյանը բարձրացել էր դատարանի շենքի առջև տեղակայված ավտոմեքենաներից մեկի վրա և օդաճնշական ատրճանակի օգնությամբ կրակել ոստիկանների ուղղությամբ:
«Հայկը ճիշտ է վարվել, որ մարտական զենք չի օգտագործել։ Պայքարի ներկա փուլում, քանի դեռ ոստիկանները մարտական զենք չեն օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ, իմ կողմնակիցներին կոչ եմ անում չօգտագործել մարտական զենք։ Երբ քննարկում էինք իշխանափոխության հարցը, մարտական զենք օգտագործելու բոլոր առաջարկները ես համարել եմ պրովոկացիա։ Հիմա էլ մարտական զենքի օգտագործումը համարում եմ պրովոկացիա, իսկ Հայկի արարքը ողջունում եմ», – ասել է Շանթ Հարությունյանը՝ նշելով, որ մարտական զենք օգտագործողներին ինքը դարձյալ պրովոկատորներ կհամարի։