Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելու ձգձգումը պայմանավորված է ՄՄ հիմնադիր երեք երկրների միջև հակասությունների հետ, որոնք շտկման կարիք ունեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը չի անդամակցի Եվարսիական միությանը։
Ինչ վերաբերում է փաստաթղթի ներպետական համաձայնեցմանը, ապա, Արզումանյանի խոսքով, այն պետք է գա Ազգային ժողով, և պատգամավորները տեսնեն՝ պատրա՞ստ են վավերացնել նման փաստաթուղթ։
Եվրասիական միությանն անդամակցելու համատքեստում Արզումանյանը խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունների և Ղարաբաղի հարցի մասին։
«Բոլոր վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանին և Ադրբեջանին փորձում են ներքաշել պատերազմի մեջ, բայց չեմ կարծում, որ Հայաստանը շահագրգռված է ռազմական գործողությունների վերսկսմամբ: Որևէ խնդիր չունենք լուծելու, բայց ինչ-որ ուժեր ու խաղացողներ փորձում են ներքաշել պատերազմի մեջ, ինչը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ։ Ռուսաստանը վերջին 20-22 տարվա զինադադարը ստորագրելուց հետո մշտապես մտածել է իր խաղարարար ուժերը մտցնել տարածաշրջան։ Ռուսաստանի հետ մեր 200-ամյա հարաբերությունների փորձը ցույց է տվել, որ ինչ-որ պահից իր աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու առումով մեզ հետ սկսում է վարվել այնպես՝ ինչպես կվարվեն մանրադրամի հետ: Չեմ կասկածում, որ Ռուսաստանը հանգիստ խղճով պատրաստ է քննարկել Ղարաբաղի ճակատագիրը, Ղարաբաղի ապագան՝ Ադրբեջանի՝ Եվրասիական միություն մտնելու համատեքստում։ Ես դա անբարոյականություն չէի համարի, Ռուսաստանը սպասարկում է իր շահերը, և որքան էլ պարադոքսալ հնչի՝ մինշտ չէ, որ հայոց շահերը համընկնում են ռուսաց շահերի հետ։ Վտանգված է մեր պետականությունը, հիմա տանուլ ենք տալիս, դրա համար գալիք սերունդների առաջ պատասխան ենք տալու։ Այս մասին պետք է անդադար խոսել », -ասել է բանախոսը։