«Վարանցով» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագիծը մեծ ռիսկեր է պարունակում Մարտիրոս գետի էկոհամակարգի համար, գրում է ecolur.org-ը։ ՓՀԷԿ-ը խողովակի մեջ ջուր է վերցնելու 4017 մետր երկարությամբ տարածքում, ինչը կազմում է 12 կմ երկարություն ունեցող Մարտիրոս գետի 33.47 տոկոսը:
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` այդ փաստը ճգնաժամային վիճակ կստեղծի գետի համար:
Բնապահպանները նշում են, որ գետի համար ռիսկերը նշված են հենց նախագծում.
– ջրառի պատճառով գետի որոշակի հատվածում (պատվարի գետահատվածից մինչև ՀԷԿ-ի շենքի գետահատվածը) ջրի ելքերի նվազում և դրա պատճառով հիդրավլիկական, ջերմային, նստեցման և հունալվացման, ինչպես նաև ջրի ինքնամաքրման ռեժիմների խախտում
– գետի ողողահունի խոնավացման ռեժիմի վատացում և հետագա անապատացման վտանգի առաջացում
– տեղական ձկների բնական սնման, ձվադրման և բազմացման պայմանների փոփոխում
– ջրի որակի հնարավոր վատացում` շինհրապարակներում կուտակված շինարարական աղբի և վառելիքաքսայուղային նյութերի ողողման և մակերևույթային հոսքով գետի մեջ տեղափոխման պատճառով:
«Վարանցով» ՓՀԷԿ-ի համար ջրօգտագործման թույլտվության հայտը ՀՀ վարչապետին կից Ջրի ազգային խորհուրդը հաստատել է 2012թ-ի սեպտեմբերի 7-ին:
Նախագծի վերաբերյալ հասարակական լսումները տեղի կունենան հուլիսի 9-ին` ժամը 12.00-ին, Վայոց ձորի մարզի Մարտիրոս համայնքի գյուղապետարանում: