Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարվել է ընդունել դատախազության դիմաց բողոքի ակցիա անցկացնող Սահակ Հարությունյանի հարազատներին և ստանալ նրանց դիմումը։ Այս մասին Epress.am-ին հայտնել է Հարությունյանի կինը՝ Էլզա Սահակյանը։
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներ Սահակ Հարությունյանը և Ալեքսանդր Խաչատրյանը մեղադրվում են տուժողից կաշառք՝ 400 հազար դրամ վերցնելու մեջ։ Մեղադրանքը կազմվել է տուժողի ցուցմունքի հիման վրա, սակայն նա հետագայում դատարանում հայտարարել է, որ Սահակ Հարությունյանի դեմ ցուցմունքը գրել է քննիչների պահանջով։
Դատախազությունում ասել են, որ ցույցի մասնակիցներին կարող էր ընդունել դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանը, սակայն նա արձակուրդի մեջ է։
Ինչևէ, նախկին պաշտոնյայի հարազատները նշել են, որ դատախազություն են հանձնել փաստեր, տեսանյութեր, որոնք ապացուցում են՝ մեղադրանքը անհիմն է և շինծու՝ տուժողի անընդհատ փոխվող ցուցմունքների վրա կառուցված։
Հիշեցնենք, որ ըստ պաշտպանական կողմի՝ տուժողը Հարությունյանի դեմ խոսել է՝ ճնշումների և խոշտանգվելուց հետո, սակայն դատարանում ասել է, որ Հարությունյանը իրենից գումար երբեք չի պահանջել։