Շանթ Հարությունյանի և ընկերների դատական գործով որպես մեղադրյալ անցնող Վարդան Վարդանյանը, այսօր դատարանում հայտարարության իրավունք խնդրելով, բողոքել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Նա ասել է, որ դիմել էր ՄԻՊ-ին՝ փաստաբան ստանալու խնդրանքով, սակայն նրան միայն այժմ իմացել է, որ դիմումին չեն պատասխանել, քանի որ այն կորել է:
«Հիմա ուզում եմ անդրադառնալ ՄԻՊ-ի գրավոր դիմումին, որում ասվում է, որ թղթերը կորել են: Ո՞նց կարա մարդու թուղթը կորչի, հետո էլ մի անգամ նորից կորչի: Մեկ էլ գրել են՝ համապատասխան աշխատակիցը կզբաղվի գործերով: Կասե՞ք` ի՞նչ ա նշանակում համապատասխան աշխատակից: Անուն չունի՞, պաշտոն չունի՞: Որ թուղթը նորից չկորչի, ասեցի տամ ձեզ (դատարանին-խմբ․)։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունները ամեն միջոց օգտագործում են մեր դեմ»,- դիմելով նիստը նախագահողին՝ ասել է ամբաստանյալը։
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը և նրա համախոհները ձերբակալվել են նոյեմբերի 5-ին Երևանում մեկնարկելիք ցույցի ժամանակ։ Նրանք մեղադրվում են զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության մեջ։ Մի շարք հայաստանցի իրավապաշտպաններ և միջազգային կառույցներ նրանց քաղբանտարկյալ են ճանաչել։
Լուսանկարը՝ Շանթ Հարությունյանի և ընկերների դատական գործով նիստերից մեկից