Home / Հայաստան / ՀԿ-ն խնդրում է ոստիկանությանը պաշտպանել իր աշխատակիցներին «Իրավունքից»

ՀԿ-ն խնդրում է ոստիկանությանը պաշտպանել իր աշխատակիցներին «Իրավունքից»

«Նոր սերունդ» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը «Իրավունք» թերթի՝ սպառնալիքներով լի հրապարակումներից հետո դիմել է ոստիկանությանը՝ խնդրելով մինչև հրապարակման հարցով վերջնական դատական ակտի կայացումը, ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ՀԿ-ի աշխատակիցների և գրասենյակի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին Epress.am-ին հայտնել է ՀԿ-ի անդամ Արման Սահակյանը։

Նա ասել է, որ իրենց անվտանգությունը երաշխավորման կարիք ունի, քանի որ «Իրավունք» թերթը շարունակում է արշավը ՀԿ-ի և դրա անդամների դեմ՝ զրպարտող նյութեր հրապարակելով։ Հիշեցնենք, որ «Իրավուքնը» ՀԿ-ի անդամների դեմ հոդվածներ է տպագրում՝ մայիսի 22-ից սկսած։ «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածում հրապարակվել են ՀԿ-ի անդամների անունները ևս։

«Հոդվածից հետո Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով հերքման պահանջ է ներկայացվել «Իրավունքի» խմբագրությանը, որից հետո հայցադիմում է ներկայցվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման» կայացումից հետո 11.07.2014թ. ևս մի քանի հոդվածներ տեղադրվել են նույն կայքում «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության աշխատակիցների մասին, նկարներով և կենսագրություններով: 17.06.2014թ. և 11.07.2014թ. հոդվածներով լրատվական կայքն ատելության խոսք է տարածել, կոչ է արել պետական և ոչ պետական մարմիններին, քաղաքացիներին մեզ հեռացնել աշխատանքից, մեկուսացնել: 11.07.2014թ հոդվածը սկսել է հետևյալ նախադասությամբ. «Ի դեպ, նրանցից և ոչ մեկը հայց ներկայացնելիս չի նշել իր իրական հասցեն, և բոլորը նշել են «Նոր սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից Երևանում վարձած բնակարանի հասցեն»: Հոդվածում նաև մեր բնակության հասցեներն են նշված և ելնելով «Իրավունք» լրատվական կայքում տեղադրված հոդվածների բովանդակություններից և ատելության կոչերից, ինչպես նաև հաշվի առնելով հետաքրքրվածությունը «Նոր Սերունդ» ՄՀԿ-ի գործունեության և աշխատակիցների վերաբերյալ մտավախություն ունենք, որ մենք կարող ենք հարձակման կամ բռնությունների զոհ դառնալ»,- ասված է Ոստիկանությանն ուղղված դիմումում։