հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Շանթ Հարությունյանն ասել է, որ ոստիկանն իրեն սադրում էր՝ Թուրքիայի գործակալ անվանելով

Շանթ Հարությունյանն ասել է, որ ոստիկանն իրեն սադրում էր՝ Թուրքիայի գործակալ անվանելով

Այսօր քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստում պաշտպան կողմը հայտատարել է, որ որպես տուժող հարցաքննված ոստիկան Գեղամ Խաչատրյանի ցուցմունքը դատարանում և նրա նախաքննական ցուցմունքները միմյանց հակասում են։

Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը դատարանում ընթերցել է տուժողի նախաքննական ցուցմունքը։ Ըստ Զաքարյանի՝ թեև ոստիկանը պնդում է, որ ինքը կանչել է Շանթ Հարությունյանին և հորդորել նրան չանցնել փողոցը, տեսանյութի մեջ երևում է, որ տուժողը չի էլ փորձել խոսել Հարությունյանի հետ, այլ հետևից մոտեցել է և քաշել նրա պարանոցից։

Այս հակասությունը պարզաբանելով՝ Գեղամ Խաչատրյանն ասել է, որ տեսանյութում ուղղակի չի լսվում իր ձայնը։ Դիմելով Խաչատրյանին՝ Շանթ Հարությունյանը հարցրել է՝ ինչու է նա իր ականջին ասել, որ ինքը Թուրքիայի գործակալ է։

Քաղբանտարկյալը հարցրել է՝ արդյո՞ք Խաչատրյանը այդպիսով փորձում էր իրեն սադրել, թե՞ կոնկրետ հրահանգով էր դա արել։ Ոստիկանը հերքել է, թե նման բան է ասել:

Այսօրվա դատական նիստին ներկա էին նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Երեկվա նիստն այցելել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի ու մի խումբ կողմնակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը և Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով: Համաձայն գործի նյութերի, Շանթ Հարությունյանն ու ընկերները նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ծեծի են ենթարկել ոստիկանների։ Ամբաստանյալներն իրենց դեմ առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, նրանք պնդում են, որ հարվածել են իրենց վրա հարձակված, իրենց ակցիան խոչընդոտած մարդկանց, ովքեր եղել են քաղաքացիական հագուստով։