2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Կինը պատմել է՝ ինչպես են գիշերային ակումբի «ախրաննիկները» սպանել ազատամարտիկ ամուսնուն. «Հրապարակ»

Հուլիսի 13-ին Նոր Նորք համայնքի թիվ 114 մանկապարտեզի բակում մի քանի տղամարդ դաժան ծեծի է ենթարկել 55-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանին, ով մարտական ընկերների շրջանում հայտնի է իբրև «Ձի Վարդան», գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ դեպքը համեմատելով 2012 թվականին տեղի ունեցած «Հարսնաքարի» ողբերգության հետ։

Թերթը նշում է, որ ծեծի հետևանքով ազատամարտիկը մահացել է։

«Երեկ խմբագրություն այցելած սևազգեստ կանայք լացը կոկորդում պատմում էին, որ Վարդանին սպանել են մի քանի հոգի, ովքեր կարատեի և այլ մարտարվեստների չեմպիոններ են և այժմ Նոր Նորքի «ԷԼԼԱ» գիշերային ակումբում «ախրաննիկ» են աշխատում: Նրանց «կռիշան» դատախազներ են», – գրում է թերթը։

Ազատամարտիկի կինը՝ Տանյան, պատմել է, որ թաղի տղամարդկանցից մեկի՝ Բաբկենի և իր ամուսնու վեճը սկսվել է բակում, երբ Բաբկենն ընկերոջ հետ շախմատ են խաղացել ու վիճաբանել են, ազատամարտիկը միջամտել է, ինչը դուր չի եկել Բաբկենին։ Վերջինս խաղատախտակով հարձակվել է Վարդան Թումանյանի վրա։ Ազատամարտիկը հրել է Բաբկենին, իսկ վերջինս մի քանի րոպե անց իր որդուն է ուղարկել՝ Գևորգ Սարգսյանին, ով հայտնի է Ջունգլ մականունով։ Սարգսյանն իր ընկերների հետ Վարդանին հրավիրել էզրուցելու, պահանջել է ներողություն խնդրել, իսկ, կնոջ խոսքով, երբ ազատամարտիկը հարցրել է՝ ինչի համար, նրան սկսել են ծեծի ենթարկել։

Վարդանը գլխի սալջարդ է ստացել ու դեպքից 2 օր անց մահացել է հիվանդանոցում, անգամ վիրահատությունը չի օգնել։

Թերթը նշում է, որ ոստիկանությունում դեպքի առիթով քրգործ է հարուցվել, բայց հոդվածը դեռ որոշված չէ։ Գևորգ Սարգսյանը և նրա բարեկամներից մեկը ձերբակալված է, մեկ այլ անձ փախոստի մեջ է։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում