Վերջին երկու շաբաթում գրանցված երկու դեպքերը՝ Հայաստան ադրբեջանցիների ներթափանցումը և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարով ազատազրկելը, հստակ բնութագրում են Հայաստանի պաշտպանության վիճակը։ Երկրի պաշտպանության գործում իրական ներդրում ունեցածին «փակում են», իսկ իբր պաշտպանություն ապահովողները՝ գեներալները, պատգամավորները, որոնք ընկղմված են կոռուպցիայի մեջ, անվերահսկելի են, և միևնույն ժամանակ սահմանին նման միջադեպեր են գրանցվում։ Epress.am-ի «Շաբաթվա ամփոփում» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Նրա խոսքով՝ Վոլոդյա Ավետիսյանը հսկայական ներդրում է ունեցել Հայաստանի պաշտպանության գործում, ինչը պետական գաղտնիք կմնա, քանի որ ինքը՝ որպես պատշաճ սպա, դա չի հրապարակի։
Իրավապաշտպանը նշել է՝ եթե պետության անվտանգության հիմքում ընկած չէ մարդու իրավունքի և արժանապատվության պահպանումը, այն դառնում է ձևական հասկացություն։
«Ի՞նչ է նշանակում պետության անվտանգություն առանց մարդու։ Վոլոդյա Ավետիսյանն ինքն անվտանգ չէ իր երկրում, որովհետև վտանգ է ներկայացնում իշխանության շահին։ Այդ իսկ պատճառով նրան փակում են՝ միևնույն ժամանակ թուլացնելով պաշտպանությունն այտեղ, որտեղից վտանգ կա», – ասել է Սաքունցը։
Նրա խոսքով՝ քանի դեռ Պաշտպանության նախարարությունը շարունակում է մնալ անվերահսկելի կոռուպցիոն եկամուտի աղբյուր, հետևանքը պետք է լինի երկրի պաշտպանունակության թուլացումը։