Իշխանությունը ոչ թե ստեղծում, այլ անսահման յուրացնում է այն ռեսուրսները, որոնք գոյություն ունեն՝ մարդկանց, բնական ռեսուրսները, նյութական ռեսուրսները, ֆինանսները՝ պարզապես շահույթ ստանալու նպատակով։ Այս մասին Epress.am-ի «Շաբաթվա ամփոփում» հաղորդման ժամանակ, անդրադառնալով Գառնիի բնակիչների՝ իրենց համայնքից գետի ջրի տեղափոխման դեմ ընդվզմանը, ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
«Սա տիպիկ ֆեոդալիզմ է։ Իշխանություն ասածը՝ իր էությամբ, բացարձակ միապետի կարգավիճակում է գտնվում, որն ունի հենասյուներ, որոնց միջոցով իրականացնում է տնտեսության կառավարումը, իսկ դրա իմաստն ուղղակի շահույթներն ստանալն է», – ասել է իրավապաշտպանը։
Նրա խոսքով՝ պայքարի միակ տարբերակն այն է, ինչ գառնեցիներն են անում, այսինքն՝ ընդվզման միջոցով պահպանել այն տարածքները, որոնք կենսական նշանակություն ունեն՝ ջուրը, հողը, էկոլոգիական միջավայրը։ Հակառակ դեպքում, ըստ իրավապաշտպանի, եթե այդ տարածքները զավթվում են, ապա գյուղացին՝ բնազդորեն կամ գիտակցաբար, հասկանում է, որ իր համար այս երկրում այլևս տեղ չկա, և մնում է արտագաղթել։
Ըստ Սաքունցի՝ ինքնորոշման հիմքում, բացի գաղափարից, կա կենսական շահ։
«Երբ մարդը տվյալ տարածքում իր կենսական շահը տեսնում է և հանուն դրա պատրաստ է ընդվզելու, դա ինքնորոշման հիմքն է», – ասել է իրավապաշտպանը՝ հավելելով, որ հենց քաղաքացիները պետք է առաջին հերթին ստանձնեն թե իրավապաշտպանի, թե բնապահպանի դերը։
Սաքունցը նշել է, որ որոշում կայացնողները ֆեոդալներ են, և քաղաքացիներն այդ որոշումների ընդունմանը մասնակցելու հնարավորություն չունեն։
Նա հիշեցրել է, որ ժամանակին Մարցի բնակիչներն էլ փորձել են ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարել՝ խողովակները ձորը գլորելով, սակայն հետո լռել են, քանի որ գործել է ճնշման մեխանիզմը։ Այստեղ արդեն Սաքունցը կարևորել է իրավապաշտպանների կամ բնապահպանների դերը։ Նրա խոսքով՝ այն դեպքում, եթե ինքնորոշման վրա լինի ճնշում, իրավապաշտպանը կամ բնապահպանը պետք է տեղում հայտնվեն, որպեսզի ճնշումը նվազեցվի։
Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ