Կոտայքի մարզի Գառնի համայնքը, որը Երևանի և Արարատի մարզի որոշ համայքների խմելու ջրի մատակարարն է, ջրի լուրջ խնդիր ունի: Բնակիչների խոսքով՝ խմելու մաքուր ջուր ստանում է գյուղի միայն 20 տոկոսը, այն էլ՝ ժամով: Մյուսները դույլերով ջուր են կրում աղբյուրներից: Epress.am-ի հետ զրույցում գյուղապետ Աշոտ Վարդանյանն ասել է, որ ջրի խնդիրն ահագնացել է այս տարվա սակավաջրության պատճառով: Ըստ գյուղապետի՝ եթե նախորդ տարիներին սարից գյուղ 120 լիտր ջուր վայրկյանում է իջել, ապա այս տարի՝ միայն 30 լիտր:
1996 թվականից գյուղապետի պաշտոնը զբաղեցնող Վարդանյանի խոսքով ՝ նման սակավաջրություն վերջին անգամ 1997 թվականին է գրանցվել:
«Բայց նման բան չկա, թե մարդիկ առանց ջուր են մնացել: Մենք էլեկրաշարժիչներով ջուրը հասցնում ենք տները, ուղղակի ոչ շուրջօրյա՝ երեկոյան և առավոտյան ժամերին»,- ասել է գյուղապետը:
Նրա խոսքով՝ գյուղացիների դժհոգությունը, թե ջրի որակը վատն է, ինչ-որ տեղ արդարացված է: Պատճառը ջրամատարակարող խողովակների չափից դուրս հին ու մաշված լինելն է:
«Ջրի խողովակները չեն փոխվել 1960 թվականից ի վեր: Այժմ մենք փորձում ենք փոխել դրանք: 58 կիլոմետրից արդեն 10 կիլոմետրը կառուցել ենք: Աշխատանքները շարունակվում են: Բացի այդ, ջրի քանակը կավելանա եկող տարի, և բնակիչները այլևս դժգոհ չեն լինի, քանի որ Գեղադրում կառուցվել է ջրամբար, որից կոռոգվի Գեղարդը, իսկ մեր գյուղի ջուրը կշատանա»,- ասել է գյուղապետը:
Համայնքի բնակիչները, սակայն, պնդում են, որ նման խոստումները նոր չեն, դրանք միշտ տրվել են, սակայն երբեք կյանքի չեն կոչվել:
«Արդեն տասը տարի է՝ կոնկրետ իմ տանը խմելու ջուր չկա: Մենք սաղ աշխարհին ջուր ենք տալիս, ինքներս խմելու ջուր չունենք: Ասում են, թե Գառնիի ջուրն ամենահամովն է, բայց մենք այն չենք ստանում»,- ասել է գյուղացիներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ: