Կոտայքի մարզի Գառնի համայնքից Արարատի մարզի 12 գյուղական համայնքներ ջուր տեղափոխելը պետական ծրագիր է, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի և պետբյուջեի կողմից, և մեկն է ինքնահոս ոռոգման համակարգ ստեղծելու 7 ծրագրերից։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի տնօրեն Մեսրոպ Խաչատրյանը։ Ըստ Խաչատրյանի՝ ինքնահոս համակարգի անցնելը կարևոր է, քանի որ դա էժան ոռոգում կապահովի։ Դրանցից մեկով էլ ինքնահոս ոռոգում է ապահովվելու Բաղրամյանում և Քանաքեռում։
«Արարատի մարզի այդ գյուղերի մեծ մասը չէր ոռոգվում, մյուս մասը, քանի որ բարձրադիր է, պահանջում է մեծ քանակությամբ էներգիայի ծախս ոռոգման համար։ Այս ծրագրով մենք կոռոգենք 12 000 հա այգիներ։ Հաշվելու համար ասեմ, որ մեկ նասոսը ծախսում է 10 միլիոն դրամի էլեկտրաէներգիա։ Պատկերացրեք, ինչքան ավելի կթանկանա ոռոգումը, եթե հոսանքի գինն էլ օգոստոսի մեկից բարձրանում է»,- ասել է Խաչատրյանը։
Հարցին արդյո՞ք ինքնահոս համակարգ ստեղծելուց հետո ոռոգման հարկը կիջեցվի, Խաչատրյանն ասել է, որ ինքնահոս համակարգի ծախսերը նախ պետք է հանել։
Հիշեցնենք, որ գառնեցիները դեմ են իրենց գյուղից ջրի տեղափոխմանը, քանի որ, ըստ նրանցմ դրա հետևանքով կչորանան Ազատ գետի շուրջ ստեղծված մոտ 40 այգիները, գետը կդատարկվի, իր կենդանական աշխարհը կդատարապրվի վերացման։
Ըստ ծրագրի նախագծող Մեսրոպ Խաչատրյանի՝ նման կասկածները «ոչ մասնագիտական» են, քանի որ նման ծրագրեր գրելուց ամեն հնարավոր բնապահպանական ռիսկերը հաշվի են առնվում։
Նրա խոսքով՝ Ազատ գերտից վերցվելու է միայն «ավելորդ ջուրը», ինչը կազմում է մոտ 400-900 լիտր վայրկյանում՝ կախված սեզոնից։ Մինչդեռ, ըստ գառնեցիների՝ նախատեսվող 820 սմ տրամագծով խողովակներով ջուրը առնվազմն պետք է 1200 լիտր վերցվի, որպեսզի ինքնահոսով գնա։
Խաչատրյանն ասել է, որ, օրինակ, ծախսերի մասին և նման այլ հարցերի չի կարող պատասխանել։ Սակայն հարցին, թե արդյոք վարչապետ Հովիկ Աբրահամյանի հողատարածքները ևս ոռոգվելու են այդ խողովակով, ինստիտուտի նախագահն ասել է․ «Դե իրենց մարզն է, հնարավոր է, որ իր բարեկամներից մեկն էլ հողատարածք ունենա այդ 12000 հա-ում, սակայն փաստաթղթերով նման բան չի ապացուցվում»։