Ընդդիմադիր գործիչ, նախկինում Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը վերջին շրջանում հայ – ադրբեջանական սահմանին հնչող կրակոցների ու Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած դիվերսիոն խմբերի ներթափանցման հետևում տեսնում է Ռուսաստանին։ Այս մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։
«Ես այստեղ հստակ տեսնում եմ Ռուսաստան, ավելի ճիշտ՝ Մոսկվա-Բաքու-Անկարա կապը։ Հաշվի առնելով մայիսին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այցը Մոսկվա, և Լավրովի հետ՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում երբ պարզ ասվեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է համագործակցեն Լեռնային Ղարաբաղի խնդրում, և, եթե ուշադրություն դարձնենք, դրանից հետո անմիջապես՝ մի քանի օր հետո բառացիորեն, լարվածությունը և բախումները տեղափոխվեցին Նախիջևանի հետ սահման, որը չափազանց վտանգավոր է», – «Ազատության» հետ զրույցում ասել է Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են «նվաստացնել, ինչու ոչ՝ չեզոքացնել [ԵԱՀԿ-ի] Մինսկի խմբի դերը, և Ռուսաստանը փորձում է վերցնել ամբողջ այդ մենաշնորհը կարգավորման, և այս ամենը ուղեկցվում է նման գործողություններով»։
«Կոնկրետ այդ [մասնավորապես՝ Քարվաճառի] միջադեպերի հետ կապված, այո, պետք է զգոնությունը իսկապես շատ ավելի մեծացնել, տեղի բնակչությանը պետք է հրահանգավորել, որպեսզի նման դեպքերը ուղղակիորեն բացառվեն», – կարծում է ընդդիմադիր գործիչը:
«Սա Մոսկվայի քաղաքականությունն է», – համոզված է Շահնազարյանը։
Հարցին, թե սա կարո՞ղ է վերածվել պատերազմի, թեկուզ՝ կարճատև, Շահնազարյանը պատասխանել է․ «Ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ՝ Մոսկվայից դրդված լարվածության արդյունքում, որ հակամարտող կողմերի ղեկավարությունների՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, նույնիսկ փոքր սխալները, փոքր վրիպումները կարող են մեծ ընդհարումների առիթ հանդիսանալ»։