Home / Հայաստան / Ունեզրկված գործարարն առերեսում է պահանջում Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի հետ․ «ՀԺ»

Ունեզրկված գործարարն առերեսում է պահանջում Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի հետ․ «ՀԺ»

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալում տուժող ճանաչված Փայլակ Հայրապետյանը չի ցանկանում առերեսվել գործով միակ մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի հետ։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է ինքը՝ Հայրապետյանը՝ մանրամասնելով, որ նախ ցանկանում է առերեսվել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ։

«Ես նախ պահանջում եմ առերեսում իրանց հետ, Սուքիասյանի հետ առերեսման չեմ գնալու, հիմա հրաժարվում եմ, նա գործիք է ընդամենը, ես քննիչին ասել եմ, որ չեմ գնալու», – ասել է գործով տուժող Հայրապետյանը։

«ՀԺ»-ն ընդգծում է, որ ընդամենը շաբաթներ առաջ Փայլակ Հայրապետյանը պատրաստվում եր առերեսվել Աշոտ Սուքիասյանի հետ, բայց հիմա, փաստորեն, ինչ-ինչ պատճառներով հրաժարվում է առերեսումից։

Հայրապետյանն, ըստ թերթի, թերևս, հասկացել է, որ այդ առերեսումն ընդամենն օգտագործվելու է խոշոր ձկներին գործից դուրս թողնելու համար։

«Առերես հարցաքննության ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը կպնդի, որ Սարգսյանն ու Կճոյանը ոչնչից տեղյակ չեն, ու քննիչն նրա ասածներն արժանահավատ կհամարի։ Սա հասկանալի է, բայց մյուս կողմից՝ առերեսումից հրաժարվելը այս խնդիրը չի լուծում։ Նշենք միայն, որ երեկվա դրությամբ ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ Նավասարդ Կճոյանն այս գործով չեն հարցաքննվել», – գրում է թերթը։

Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին Թբիլիսիում։ Ապրիլի 15-ին Թբիլիսիի կենտրոնական դատարանը նրան Հայաստան արտահանձնելու որոշում էր կայացրել:

Աշոտ Սուքիասյանը, ով արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի սանիկն է, հետախուզման մեջ էր, նա անցնում է Փայլակ Հայրապետյանի գործով: Սուքիասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու մեջ:

Ավելի վաղ hetq.am-ը փաստաթուղթ էր հրապարակել, համաձայն որի Սուքիասյանը, ՀՀ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը օֆշորային ընկերության սեփականատերեր են: Հետագայում Սուքիասյանը օֆշորային սկանդալմն իր վրա էր վերցրել՝ հայտարարելով, որ առանց Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի գիտության նրանց անունով Wlispera Holdings Limited օֆշորային ընկերությունն է գրանցել Կիպրոսում: