Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել են Եվրամիության և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի վավերացման վերաբերյալ օրենքը, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ» լրատվական գործակալության կայքը։
Կայքի փոխանցմամբ՝ օրենքը ստորագրվել է անմիջապես Գերագույն ռադայի կողմից ընդունվելուց հետո։ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը կողմ է քվեարկել 381 պատգամավորից 355֊ը։
Պորոշենկոյի՝ օրենքը ստորագրելուց հետո պատգամավորների մի մասը վանկարկել է «Փառք Ուկրաինային, հերոսներին փառք»։
Գերագույն ռադայի հետ միաժամանակ Եվրամիության և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագիրը վավերացրել է Եվրախորհրդարանը։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որից հետո Ուկրաինայում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին այդ որոշման դեմ։ Մի քանի ամիս տևած ակցիաներից հետո, որի ընթացքում կառավարական ուժերը հրազեն կիրառեցին ցուցարարների դեմ, Յանուկովիչը լքեց երկիրը։
Ուկրաինայի նոր իշխանությունները որոշում կայացրեցին շարունակել եվրաինտեգրման գործընթացը և Վրաստանի ու Մոլդովայի օրինակով ստորագրել ԵՄ֊ի հետ Ասոցացման համաձայնագիրը։ Այդ ընթացքում Ռուսաստանը զորքեր մտցրեց Դոնեցկի և Լուգանսկի մարզեր՝ փաստորեն, չհայտարարված պատերազմ սկսելով Ուկրաինայի դեմ, խախտելով այդ երկրի տարածքային ամբողջականությունը։
Նշենք, որ Ասոցացման պայմանագիրը ստորագրելուց նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին հրաժարվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, որ Հայաստանն անդամակցելու է Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը։