Այսօր Վերաքննիչ դատարանում քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանն իր հայտարարության իրավունքն օգտագործել է բանտում անմարդկային պայմանների մասին խոսելու համար: Ավետիսյանը, մասնավորապես, հայտարարել է, որ ինքը պատիժը կրում է մի խցում, որը նախատեսված է 5 հոգու համար, սակայն այս պահին այն պատժախուց է հանդիսանում 8 մարդու համար: Քաղբանտարկյալն անդրադարձել է ՔՀԿ-ներում հացադուլ անող կալանավորների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքին:
«Մեր խցում մեկը հացադուլ է անում։ Ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է մարդը հաց ուտել մեկի ներկայությամբ, ով օրեր շարունակ հաց չի կերել: Նա պահանջում է իրեն տանել այլ խուց, մերժում են, ասում են՝ տեղ չկա», – ասել է Ավետիսյանը:
Նիստը նախագահող Կարինե Ղազարյանն ընդհատել է Ավետիսյանին՝ հորդորելով նրան խոսել «բուն թեմայից»՝ վերաքննիչ բողոքից: Ավետիսյանն ասել է, որ բողոքի մասին ասելու բան չունի, քանի որ համաձայն է իր պաշտպան Արա Զաքարյանի կողմից հնչեցվածի հետ, սակայն արդարադատության որևէ հույս չունի Հայաստանի դատարանից: Ավետիսյանի նման վերաբերմունքը վիրավական է թվացել դատավորին, և Ղազարյանը հայտարարել է, որ ամբաստանյալը կանխակալ վերաբերմունք ունի դատարանի հանդեպ:
Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի վերաքննիչ բողոքը, որով կողմը պահանջում էր վերացնել Ավետիսյանի դեմ դատական ակտը և գործը նոր քննության ուղարկել կամ արդարացնել Ավետիսյանին։ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել խարդախություն կատարելու մեջ և դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։ Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։