Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր ապացույցների անբավարարության հիմքով անմեղ ճանաչեց ընդդիմադիր ակտիվիստ Ֆելիքս Գևորգյանին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը։
Գևորգյանը կալանավորվել էր 2008 թվականի հունիսին` մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ, և 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի զենք-զինամթերք հափշտակելու և պահելու մեղադրանքով: 2010 թվականին Գևորգյանը համաներմամբ ազատ էր արձակվել, այնուհետև նրան փորձել են մեղադրանք առաջադրել մարտի 1-ի տասը սպանություններից որևէ մեկի կապակցությամբ։ Սակայն նա բռնությունների ենթարկվելուց՝ իր պնդմամբ՝ ոստիկանությունում ոտքը շիկացած երկաթով այրելուց հետո, մեղադրվել է 7 դրվագով գողության մեջ. մինչ այժմ նրա ոտքին սպին կա, և որպեսզի այդ պայմաններում նրան ազատ չարձակեին, ոստիկանները նրան առաջադրեցին նախկինում չբացահայտված գողությունների մեղադրանք, հիշեցնում է «Ազատությունը»։
Գևորգյանի ընտանիքի անդամները համոզված են, որ իրենց որդուն առաջադրված մեղադրանքները կապված են 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի հետ։
Դատավարության ժամանակ գործով տուժողները հրաժարվել են պնդել, որ Ֆելիքս Գևորգյանը որևէ առնչություն ունի գողության հետ։
Գևորգյանի փաստաբանի խոսքով՝ հիմա Եվրոպական դատարան դիմում է պատրաստվում Ֆելիքս Գևորգյանին ոստիկանությունում բռնության ենթարկելու փաստով։
Ֆելիքս Գևորգյանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Աջափնյակի նախընտրական շտաբի պետ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Պետրոս Գևորգյանի որդին է: