«The New York Times»֊ում սեպտեմբերի 16֊ին հրապարակված «Հայաստան և Ադրբեջան․ լեզվակռիվ» հոդվածը նվիրված է ԱՄՆ֊ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանատների՝ Բրենդա Շեֆֆերի «Մոսկվայի հաջորդ տարածքային գրավումը» հոդվածի արձագանքներին։ Հոդվածում Շեֆֆերը ենթադրել էր, որ վերջերս հայ֊ադրբեջանական սահմանին լարվածության աճը Մոսկվայի ձեռքի գործն է, որն առիթ է փնտրում տարածաշրջանում իր խաղաղապահ կոնտինգենտի ուժեղացման համար։
Իրավիճակը պարզաբանելու նպատակով՝ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը հոդվածի խմբագրին ուղղված նամակում նշել է, որ «խաղաղապահ գործընթացը մշտապես կազմել է բանակցային փաթեթի բաղադրիչ մասն ու երբեք առանձին չի քննարկվել»։
«Հրադադարի վերջին խախտումներն իրականացվել են Ադրբեջանի կողմից, որը մերժում է հակամարտության կարգավորման միջնորդների առաջարկը շփման գծում հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին։ Հետևաբար, լարվածության աճի համար պատասխանատու է Ադրբեջանը»,֊ ընդգծել է Նաղդալյանը։
Ադրբեջանի դեսպանությունը ևս հոդվածի կողքով անտարբեր չի անցել։ «Բրենդա Շեֆֆերն ԱՄՆ֊ին արդարացիորեն կոչ է անում ակտիվ մասնակցություն ցուցաբերել ձգձգված հայ֊ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին։ Նա, սակայն, չի մատնանշում, որ տվյալ իրավիճակում իրական ագրեսորը Հայաստանն է»,֊ իր նամակում գրել է ԱՄՆ֊ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը։
«Հայաստանը ոչ թե «վերահսկում է» Ադրբեջանի տարածքի շուրջ 20 տոկոսը, այլ՝ ապօրինաբար ակուպացնում»,֊ շարունակում է դիվանագետը։
«Տիկին Շեֆֆերը չպետք է փորձի անհարմար զուգահեռներ անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ ագրեսորի ու զոհի՝ համապատասխանաբար։ Փոխարենը, հանդիսանալով տվյալ տարածաշրջանի հարցերով փորձագետ՝ նա պետք է իմանա, որ խաղաղ գործընթացն առաջ տանելու միակ ուղին հայկական զորքերը օկուպացված ադրբեջանական տարածքներից դուրս բերելն է»,֊ գրում է Սուլեյմանովը։
Հայֆայի համալսարանի՝ քաղաքագիտության պրոֆեսոր Բրենդա Շեֆֆերը սեպտեմբերի 9֊ին The New York Times֊ում հրապարակված իր հոդվածում, մասնավորապես, գրում էր, որ Ուկրաինան միակ երկիրը չէ, որտեղ Ռուսաստանը ջուր է պղտորում․
«Արդեն մի քանի շաբաթ է՝ Մոսկվան, ինչպես երևում է, սրում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտությունը՝ միևնույն ժամանակ, երկու երկրներին ներկայանալով որպես խաղաղարար֊տիրակալ։ Չլուծված հակամարտությունը, որը Ռուսաստանում անվանում են «սառած», ռուսաստանյան զորքերին թույլ է տալիս ներխուժել տարածաշրջան ու շանտաժի ենթարկել երկու երկրներին։ Ռուսաստանյան ուժերի ժամանելուն պես՝ կողմերից և ոչ մեկը չի կարողանա սերտորեն համագործակցել Արևմուտքի հետ՝ սարսափելով Մոսկվայի հաշվեհարդարից։
Բռնության վերջին ալիքը գրանցվեց Սոչիում օգոստոսի 10֊ին կայացած հանդիպումից առաջ։ Հանդիպման ընթացքում Պուտինը փորձում էր համաձայնություն ստանալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լրացուցիչ «խաղապահներ» տեղակայելու համար։
Վերջին բախման նախաձեռնողը Երևանն էր։ Քիչ հավանական է, որ Հայաստանի բանակը նման սադրանքի կգնար առանց Ռուսաստանի համաձայնության։
Ակնհայտ ռազմական գործողությունների վերսկսումը Ռուսաստանին առիթ կտար ավելի մեծ թվով զորքեր ուղարկելու համար՝ խաղաղապահ գործողության պատրվակով»։
Շեֆֆերին զարմացրել են Ամերիկայի նախագահի վարչակազմի հայտարարություններն այն մասին, թե նրանք ողջունում են Սոչիում Ռուսաստանի կողմից կազմակերպված հանդիպումը։ «Մի՞թե Վաշինգտոնը ոչինչ չսովորեց Վրաստանում ու Ուկրաինայում»։
«Կովկասյան հակամարտության սրումը կանխելու և նոր տարածքներ գրավելու պատրվակից Պուտինին զրկելու համար՝ Օբաման պետք է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին հրավիրի Վաշինգտոն ու ցույց տա, որ Ամերիկան Հարավային Կովկասի մասին չի մոռացել»,֊ գրել էր Շեֆֆերը։