Քրեակատարողական վարչության (ՔԿՎ) նորանշանակ պետ, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը խուսափում է ասել, թե 2011 թվականին 57 միլիոն դրամ նվիրատվություն որտեղից է ստացել, ինչպես նաև՝ ի՞նչ միջոցներով է նրա կինը 4 անշարժ գույք ձեռք բերել 2013 թվականին։ Այս մասին իր այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից թերթի գրավոր հարցման ի պատասխան ստացած գրության մեջ ասվում է հետևյալը․ «Օրենքով սահմանված կարգով ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանն իր եկամուտների վերաբերյալ համապատասխան հայտարարագիր ներկայացրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, որտեղից կարող եք համապատասխան տեղեկություններ իմանալ»։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը թերթի հետ զրույցում ասել է, որ կառավարության որոշմամբ արգելված է հրապարակման ենթակա տեղեկատվությունից բացի այլ տեղեկատվություն հրապարակել պաշտոնյաների վերաբերյալ։
Բացի դա, ըստ Խուդավերդյանի, հանձնաժողովի անդամները չեն կարող տեղեկացված լինել, թե որևէ պաշտոնյա ինչ միջոցներով ինչ գույք է ձեռք բերել։
Լուսանկարը՝ hy.wikipedia.org