«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության անդամները Հայաստանում ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Սորոկինի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են Արագածոտնի մարզի եզդիաբնակ Միրաք և Ռյա Թազա գյուղերի մոտակայքում Մեգո Գոլդ/Գլոբալ Գոլդ հայ-ամերիկյան ընկերության կողմից կառուցվելիք պոչամբարի խնդրի մասին։ Նրանք նշել են, որ մտահոգված են նախագծի կապակցությամբ։
Կազմակերպության ներկայացուցիչները խնդրել են դեսպանին խնդրի վերաբերյալ իրենց գրավոր նամակը փոխանցել ԵԱՀԿ գլխադասային կառույցի Ազգային փոքրամասնությունների հարցերով հատուկ հանձնակատարին:
Նամակում, մասնավորապես, նշվում է. «Պատահական տեղեկացանք, որ ոմն Մեգո Գոլդ/Գլոբալ Գոլդ հայ-ամերիկյան ընկերության կողմից ներկայացվել է ու հաստատվել է մի պոչամբարի նախագիծ, որը պետք է տեղակայվի մեր երկու գյուղերի՝ Ռյա Թազայի ու Միրաքի մոտակայքում: Այդ նախագծի վերաբերյալ համայնքները չեն տեղեկացվել, ինչը ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտում է: Այդ համայնքները, որպես ազդակիր համայնքներ, հնարավություն չեն ունեցել հասկանալ ու գնահատել, թե այդ նախագիծը ինչ ազդեցություն է թողնելու իրենց վրա: Արդյո՞ք նրանք չեն զրկվելու իրենց հողերից, ջրից և այլ կենսապայմաններից, և արդյո՞ք չի ստեղծվելու նախապայման այսպես կոչված «սպիտակ» ցեղասպանության համար: Հայկական ու արդեն քայքայված Մելիքգյուղ համայնքի փորձը, որը 2006 թվականից ի վեր այդ ընկերության դեմ պայքարում է իր կենսագոյությունը պահպանելու համար, մեզ համար տեսանելի օրինակ է:
Տեղյակ ենք, որ Մելիք գյուղի բնակիչները և մասնագետները բազմիցս են դիմել այդ հարցով ՀՀ կառավարությանը։ Գիտենք նաև, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հարուցված է քրեական գործ կատարված իրավախախտումների համար: Այս ամենն էլ ավելի է ընդգծում եզդիաբնակ գյուղերը Թուխմանուկի հանքավայրի շահագործման նախագծի շրջանակներում որպես ազդակիր համայնքներ ճանաչելու և եզդիաբնակ համայնքների վրա այդ նախագծի բացասական ազդեցության վերաբերյալ մասնագիտական քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտությունը»։