Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին ծեծի են ենթարկել բանտում։ Այս մասին հայտնում է contact.az-ը՝ հղում կատարելով Յունուսի փաստաբաններին։ Նրանք պատմել են, որ երեքշաբթի երեկոյան բանտի աշխատակից, մայոր Յագուվոբը մտել է խուց, ոլորել է Յունուսի ձեռքերն ու տարել այլ խուց։ Այնտեղ Յագուվոբը տապալել է Յունուսին գետնին և սկսել է քաշել մազերից։ Նա գոռացել է իրավապաշտպանի վրա․ «Հը, չե՞ս ուզում խելոքանալ»։ Ապա սկսել է հարվածներ հասցնել երիկամների շրջանում։
Սեպտեմբերի 24-ին իրավապաշտպանին այցելել են փաստաբանները, որից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Նրանք նշել են, որ բանտի աշխատակիցները վայրագ վերաբերմունք են դրսևորել Լեյլա Յունուսի նկատմամբ։
«Հանդիպման ժամանակ Լեյլա Յունուսը հայտնել է, որ վերջին օրերին թաք ջուր չի եղել, և ինքը ստիպված է եղել սառը ջրով լոգանք ընդունել։ Դրա հետևանքով նա հիվանդացել է, բարձր ջերմություն ունի։ Չնայած դրան, իրավապաշտպանին բուժօգնություն չեն ցուցաբերել», ֊ ասված է հայտարարության մեջ։
5 փաստաբանների հետ հանդիպման ժամանակ Յունուսը նրանց ցույց է տվել փոկած մազերի խրձերը։ Նա խայտառակություն է որակել բանտի աշխատակիցների պահվածքը՝ պահանջելով պատժել մեղավորներին։
Փաստաբաններն իրենց հայտարարության մեջ նշել են, որ Յունուսը խնդրել է Կարմիր Խաչի ներկայացուցիչներին այցելել իրեն բանտում։