հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Կալանավորը պնդում է՝ Մաշտոցի քրեականի նախկին պետի դեմ պետք է գործ հարուցել

Կալանավորը պնդում է՝ Մաշտոցի քրեականի նախկին պետի դեմ պետք է գործ հարուցել

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Հրաչյա Գևորգյանի բողոքները Մաշտոցի ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Արթուր Գևորգյանի դեմ քրեական գործ հարուցելու առիթ չեն հանդիսացել ոչ ՀՔԾ-ում, ոչ Էրեբունու քննչական բաժնում, ոչ էլ դատախազությունում: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը կալանավորի անունից դիմել է դատարան՝ վիճարկելով գործ չհարուցելու մասին որոշումը։  

«Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվելուց հետո Հրաչյա Գևորգյանը հայտարարել էր, որ քրեականի նախկին պետը երեք ամիս շարունակ իրեն սպառնացել է և պահանջել դադարեցնել բողոքներն իր դեմ հարուցված գործի անօրինականությունների դեմ: Ըստ Գևորգյանի՝ ոստիկանն իր հետ մի քանի անգամ հանդիպում է պահանջել, մի անգամ էլ՝ ներկայանալով որպես նրա բարեկամ, և ասել է, որ թույլ չի տա, որպեսզի Գևորգյանը բանտից դուրս գա, կպահի, մինչև Գևորգյանը մահանա: Ոստիկանն ասել էր նաև՝ «նենց մի արա, որ այլ ձևերով քեզ հասկացնենք»: 

Հրաչյա Գևորգյանի պատմածի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Սակայն ՀՔԾ-ն գործն ուղարկել է Էրեբունի քննչական բաժին, քանի որ Գևորյանն արդեն չէր զբաղեցնում քրեականի պետի պաշտոնը: ՀՔԾ-ն էլ որոշում է կայացրել քրեական գործը հարուցելը մերժել: 

Այսօր այդ որոշման դեմ բողոքով առաջին նիստը չի կայացել, քանի որ Հրաչյա Գևորգյանին չեն բերել դատարան՝ պատճառաբանելով, որ ավտոմեքենան փչացել է: Այս մասին Epress.am-ին հայտնել է Տաթևիկ Սիրադեղյանը: 

Epress.am-ն ավելի վաղ մի քանի անգամ անդրադարձել է Հրաչյա Գևորգյանի դատավարությանը։ 

Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Գևորգյանը և Գարիկ Հարությունյանը պատանդ են վերցրել Նաիրա Հարությունյանին, ով քաղաքացիական ամուսնության մեջ էր գտնվում Գևորգյանի հետ, նրա անչափահաս որդուն, ապա պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից` Ս.Հարությունյանից, գումար են պահանջել, որը ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին: Գևորգյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում: 

Այս գործով դատաքննությունը մեղադրյալի պաշտպանը համարում է անհիմն ձգձգված: Դրա դեմ  Գևորգյանը բազմիցս բողոքել է՝ ինքնավնասվելով ՔԿՀ-ում, իսկ նրա մայրը ինքնահրկիզման փորձ է արել նախագահական նստավայրի մոտ: