Իշխանությունները մտադիր են պաշտոնից ազատել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ թեպետ Սահակյանը Սերժ Սարգսյանի սիրելին է և ամեն անգամ վտանգը հարթում է նրան դիմելով, քաղաքական շրջանակներում խոսում են, որ «էլ տեղ չկա»։
«Գաղտնիք չէ, որ մարզում մարզպետի գերդաստանին պատկանող ընկերությունները տենդերային ծրագրեր շահելու մենաշնորհ ունեն։ Վարչապետի վերահսկողական ծառայությունը, մեր տեղեկություններով, բոլորովին վերջերս բացահայտել է մոտ 100 միլիոնի հասնող չարաշահումներ», ֊ գրում է թերթը։
Բացի դրանից, «Հրապարակի» փոխանցմամբ, պարզվել է, որ նախկինում, Հյուսիս֊հարավ մայրուղու կառուցման ծրագրի մասին տեղեկանալով, Սահակյանը «կոպեկներով գնել է» ծրագրով վերակառուցման ենթակա մայրուղու հարակից տարածքները և հիմա աստղաբաշխական գներով վաճառում է պետությանը։