ՀՀ կառավարությունը երեկ պատասխանել է ոչ իշխանական 4 ուժերի՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանագություն, 12 պահանջներին, որոնք ներկայացվել էին հունիս ամսին։
Պատասխանում գործադիր մարմինն ընգծում է, որ բարձրացված հարցերի մի մասը Կառավարությունն իր նախաձեռնությամբ քննարկել է գարնանը և արդեն իսկ իրագործել է հունիսին։
«Մի մասը վերցված է Կառավարության ծրագրից, սակայն ոչ թե առաջարկվում է դրանց իրատեսական՝ միջին ժամկետում կատարումը, այլ դրվում է դրանց անմիջապես իրականացման անհնարին և կատեգորիկ պահանջ։ Վերոնշյալ հայտարարության մնացած դրույթներն էլ կամ առաջարկում են պետական բյուջեն անմիջապես դնել աննախադեպ ծախսերի տակ, կամ էլ բազմիցս քննարկվել են և հակասում են միջազգային իրավական ստանդարտներին, կամ դուրս են գործող սահմանադրական շրջանակներից և այլն», ֊ նշում է կառավարությունը:
Քառյակի պահանջներից մեկը վերաբերում էր պարտադիր կուտակային բաղադրիչը հանելուն և Սահմանադրական դատարանի 2014 ապրիլի 2-ի որոշումը կատարելուն։ Ի պատասխան, կառավարությունը, մասնավորապես, նշում է, որ կուտակայինի մասին օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ և այն ամբողջովին համապատասխանում է Սահմանադրական դատարանի որոշմանը։
Քառյակի առանցքային պահանջներից էր կատարել «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ, որոնցով կսահմանվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ:
Տվյալ կետի առնչությամբ կառավարությունն առաջարկում է «ընդդիմությանն ակտիվորեն մասնակցել սահմանադրական փոփոխությունների կոնցեպտուալ քննարկումներին և հարցը քննարկել համալիր, ոչ թե ընդհանուր սահմանադրական համատեքստից դուրս»:
Ընդդիմությանը վերահսկողական գործառույթներով օժտելու մասին պահանջին ի պատասխան՝ կառավարությունը նույնպես առաջարկում է հարցը քննարկել սահմանադրական բարեփոխումների շրջանակներում՝ նշելով, որ վերահսկողական գործառույթները ևս իշխանության մաս են, և դրանց միանշանակ փոխանցումն ընդդիմությանը նշանակում է, որ ընդդիմությունը կոալիցիայի մեջ է քաղաքական մեծամասնության հետ:
Ինչ վերաբերում է ոչ իշխանական ուժերի՝ ընտրությունների ավարտից հետո ընտրություններին մասնակցած ընտրողների տվյալների հրապարակմանը վերաբերող պահանջին, ապա գործադիրը պնդում է, որ հարցը բազմիցս քննարկվել է, և այն հակասում է ԵԽ, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի մոտեցումներին:
«Ներկայացված առաջարկությունը խախտում է քվեարկության գաղտնիության սկզբունքը, քանզի ընտրություններին մասնակցությունը իրենում ևս պարունակում է գաղտնիության հատկանիշներ», ֊ մասնավորապես, ասված է կառավարության պատասխանի մեջ։
Քառյակը իշխանություններից նաև պահանջել էր չստորագրել որևէ համաձայնագիր, որով կփոխվի Հայաստանի և Արցախի միջև ներկա հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական միասնական համակարգը: Դրան ի պատասխան՝ կառավարությունը առաջարկում է «նման համաձայնագրերի ստորագրության հնարավորության գաղափարն անգամ այլևս անտեղի չշրջանառել»: