Home / Տեսանյութեր / 2014-ին Հայաստանի զինված ուժերում և ՊԲ֊ում մահացել է 38 զինծառայող․ զեկույց

2014-ին Հայաստանի զինված ուժերում և ՊԲ֊ում մահացել է 38 զինծառայող․ զեկույց

2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և Պաշտպանության բանակում 36 միջադեպի հետևանքով մահացել է 38 զինծառայող: 2013թ-ի նույն ժամանակահատվածում զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 25 հոգի, այսինքն` այս տարի մահացության դեպքերն ավելացել են 13-ով: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցում։

Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 38 դեպքերից 20-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 6-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ սպանության /2-ը՝ դիտավորյալ սպանության, 2-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման/, 3-ը՝ մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու կանոնների խախտման, 3-ը՝ առողջական խնդիրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման,1-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման,1-ը՝ ինքնասպանության (ըստ հարուցված քրեական գործի որակման) պատճառով:

Զեկույցի հեղինակները նշում են, որ, եթե վերջին հինգ տարիների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերը կազմում էին ընդհանուր մահացության մոտ 22%-ը, ապա 2014 թ-ի առաջին կիսամյակում այն կտրուկ բարձրացել և կազմել է 52%:

stat

«Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացած 20 զինծառայողներից 9-ը մահացել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման հետևանքով: Ի դեպ, միայն 5 հոգի՝ մեկ դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով: Զուգահեռաբար նույն ժամանակահատվածում կրկնակի չափով աճել է նաև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը: Հրադադարի ռեժիմի խախտումների թիվը կտրուկ ավելացել է մայիս ամսին եւ շարունակվել մինչև օգոստոս ամիսը ներառյալ: Այդ նույն ժամանակահատվածում մեծացել է նաև հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով մահացությունների թիվը, ֊ ասված է զեկույցում: