Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեն Անդրեյ Սախարովի անվան Խաղաղության 2014 թվականի մրցանակը շնորհել է ադրբեջանցի քաղբանտարկյալներին։ Այս մասին ասված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
«Նրանք մեծ քաջություն են դրսևորում ու իրենց երկրում ահռելի աշխատանք կատարում՝ արժանապատվության, ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների խթանման համար»,֊ հայտարարել է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղար Բյորն Էնգեսլանդը։
«Այս մրցանակը շնորհվում է բոլոր քաղբանտարկյալներին։ Ցավալի է, որ անհնար է նշել նրանց բոլորին»,֊ նշել է նա։
Նավթով ու գազով հարուստ Ադրբեջանում իշխանություններն իրենց քննադատողներին լռեցնում են կեղծ մեղադրանքների վրա հիմնված ձերբակալությունների միջոցով։ Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեն ընդգծում է, որ Ադրբեջանը պաշտոնական Օսլոյի գործընկերն է, ու Բաքվի հետ համագործակցում է նորվեգական Statoil ընկերությունը։
Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակում կա 93 մարդ՝ 13 լրագրող ու բլոգեր, 10 իրավապաշտպան, 9 երիտասարդ ընդդիմախոս, 1 ընդդիմադիր առաջնորդ ու մի շարք այլ ակտիվիստներ։
Հելսինկյան կոմիտեն հատուկ ընդգծել է իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի, Արիֆ Յունուսի, Անար Մամեդլիի, Բաշիր Սուլեյմանլիի, Ռասուլ Ջաֆարովի ու Ինթինգամ Ալիևի ձերբակալությունները։
Սախարովի անվան մրցանակը կշնորհվի նոյեմբերի 13֊ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Բրիստոլ» հյուրանոցում։