հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Վարչապետը ձեռներեցներին ուղարկել է նախարարի մոտ․ բողոքողներից շատերը լուծմանը չեն հավատում

Վարչապետը ձեռներեցներին ուղարկել է նախարարի մոտ․ բողոքողներից շատերը լուծմանը չեն հավատում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Շրջանառության հարկի մասին» օրենքից բողոքողների ներկայացուցիչներին հուսադրել է, թե շահագրգռված է խնդրի լուծմամբ և առաջարկել է իրենց մտահոգությունները ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարին։

Այսօր Աբրահամյանն ընդունել է հերթական անգամ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող փոքր և միջին ձեռներեցներին և նրանց ուղարկել հանդիպելու ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:

Այս մասին բողոքի մասնակիցներին ասել են վարչապետին հանդիպած «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող ձեռներեցներ Սամվել Գրիգորյանը և Ստեփան Ասլանյանը:

Այս հայտարարությունը անելով՝ Գրիգորյանն ու Ասլանյանը խնդրել են կտրուկ արտահայտություններ ու եզրակացություններ չհնչեցնել, օրինակ, չասել՝ «վարչապետը սուտ է ասում», քանի որ, նրանց խոսքով, բանակցությունների արդյունքը դեռ հայտնի չէ։

Նրանք վստահեցրել են հավաքվածներին, որ թեև արդեն 6 օր է խնդրո առարկա օրենքը գործում է, հարկային մարմինները խիստ չեն լինի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հանդեպ, քանի դեռ հարցը չի լուծվել: Հանդիպման մասնակիցները տպավորություն են ստացել, թե Հովիկ Աբրահամյանը հակված է լուծումներ գտնել բողոքողների պահանջները բավարարելու նպատակով։

«Մեզ ասում են, որ երկու օրում օրենք չի փոխվում, պետք է քննարկենք Ֆինանսների նախարարի հետ, հետո նորից պետք է գանք վարչապետի մոտ, նոր օրինագիծ մշակենք, որը տանենք ԱԺ և ԱԺ-ում քվեարկեն: Այսպես միայն կարող է նոր օրենք ընդունվել»,- ասել է Գրիգորյանը:

Կառավարության ղեկավարի հետ հանդիպումից հետո հավաքվածները նաև պայմանավորվածություն են ձեռք բերել չորեքշաբթի օրը՝ 25 հոգով հանդիպել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հետ: Բողոքողներից շատերին չի գոհացրել նման պատասխանը, նրանք լրագրողների հետ զրույցում իրենց վրդովմունքն ու հուսահատությունն են հայտնել կառավարության վերաբերմունքով։ Նրանցից շատերը նշել են, թե հույս չունեն, թե «ստե֊ընդե» գնալով հարցին լուծում կտրվի, քանի դեռ օրենքն արդեն ուժի մեջ է մտել։ Բողոքողների մի մասն էլ շարժվեց դեպի ֆինանսների նախարարություն՝ հույս ունենալով այնտեղ ստանալ իրենց հարցերի պատասխանները։ Նշենք, որ բողոքողները պահանջում են կա՛մ չեղյալ հայտարարել օրենքը, կա՛մ յուրաքանչյուր ձեռներեցին հնարավորություն տալ ընտրել, թե որ օրենքով՝ հին կամ նոր իրեն հարմար է աշխատել։ Այդ տարբերակը մշակվել էր ԱԺ ոչ իշխանական ուժերի կողմից, սակայն ՀՀԿ֊ն բոյկոտեց արտահերթ նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր հարցը։ 

Մանրամասները տեսանյութում․

Արդեն 10 օր է, ինչ հազարավոր ձեռներեցներ բողոքի ակցիաներ են անցկացնում` նոր օրենքի կիրառումը դադարեցնելու պահանջով: Համաձայն օրենքի ներկայիս տարբերակի շրջանառության հարկը կազմում է 3.5 տոկոս, սակայն ձեռնրեցներից ավելորդ թղթաբանություն չեն պահանջում։ Նոր օրենքի համաձայն, հարկը կազմելու է 1 տոկոս, սակայն ձեռներեցները պարտավորված են լինելու բոլոր ապրանքատեսակների մանրամասն նկարագրությունը ներկայացնել հարկային մարմիններին։