Լրագրող, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանի (լուսանկարում)՝ ԱԱԾ֊ի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հայցի քննության ընթացքում դատախազը չի ներկայացրել հայցվորների պահանջած բացատրությունը։ Այս մասին Epress.am-ին հայտնել է հայցը ներկայացրած կողմերից մեկի՝ «Ժառանգություն» կուսակցության փաստաբան Հարություն Բաղդասարյանը։ Առանձին հայց է ներկայացրել նաև Հրայր Մանուկյանը։
Կուսակցության և լրագրողի բողոքը կապված է ԱԱԾ֊ի ներկայացուցչի կողմից Մանուկյանին հավաքագրելու փորձի հետ։ Լրագրողի կողմից հրապարակված ձայնագրության մեջ լսվում է, որ ԱԱԾ աշխատակիցը մերժում ստանալուց հետո սպառնում է Մանուկյանին։ Գլխավոր դատախազությունը հրաժարվել է ԱԱԾ֊ի դեմ քրեական գործ հարուցել, և այժմ կուսակցությունն ու Մանուկյանը պահանջում են բեկանել դատախազության որոշումը։ Գործը մինչ այժմ քննվում էր երկու առանձին վարույթով, որոնք միացվել են, և մեկ միասնական գործով հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 10֊ին։
«Ես նախնական դատական նիստի ժամանակ պահանջել էի, որպեսզի դատախազը գրավոր ներկայացնի այն հիմքերը, որոնցով մերժվել է քրեական գործ հարուցելու մասին որոշումը։ Դատական նիստը հետաձգվել էր, որպեսզի դատախազն այդ թղթերը պատրաստի։ Ինչևէ, արդեն մոտ մեկ ամիս է անցել, դատարանը որևէ գրություն չի ստացել։ Նախորդ նիստին, որը թեև չկայացավ դատավորի բացակայության պատճառով, դատախազը չէր էլ ներկայացրել, իսկ դատարանից տեղեկացանք, որ որևէ թուղթ չի էլ ուղարկել»,֊ ասել է Հարություն Բաղդասարյանը։