հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ազգայնականության խայտառակ էվոլյուցիան՝ ըստ Շանթ Հարությունյանի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգայնականության խայտառակ էվոլյուցիան՝ ըստ Շանթ Հարությունյանի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի դատարանում այսօր հնչեցրած վերջին խոսքը, ինչպես և ամիսներ տևած դատավարության ընթացքում հնչեցրած մյուս ելույթները, քրեական գործի մասին չէր։

Հարությունյանն ասել է, որ իրենք՝ ազգայնականները, խայտառակ էվոլյուցիայի (և լավ, և վատ առումով, նշել է քաղբանտարկյալը) մեջ են ընկել, քանի որ, համաձայն իրենց գաղափարախոսության, միշտ համարել են, որ հայերը արիական ազգ են և վեր են բոլորից, սակայն հիմա գիտակցում են, որ հայերն արժեքների և տրամաբանության դեգրադացիա են ապրել:

Ըստ Հարությունյանի՝ եթե մի ժամանակ ինքը կարծում էր, որ ամերիկացին ազգ չէ, այժմ հենց ամերիկացուն ավելի շատ է ազգ համարում, քանի որ «ազատության համար պայքարող անգլիացիք են ստեղծել այդ երկիրը»: Այժմ Հարությունյանը համոզված է, որ ազգը չի որոշվում լեզվի կամ թեկուզ կրոնի ընդհանրությամբ, այլ արժեքներով:

«Ես որ քննադատում եմ, խնդրում եմ՝ մարդիկ թող վատ չզգան: Ես դա ասում եմ թաքուն հույսով, որ, գուցե, կպնելով ժողովրդի արժանապատվությանը, մարդկանց մտածելու նյութ կտամ, որ ինչ-որ փոփոխության կհասնենք», – ասել է Շանթ Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ իդեալիստների և նյութապաշտների թվի հարաբերակցությունը հայերի մոտ անցել է հնարավոր բոլոր սահմանները, և իդեալիստներն այնքան քիչ են, որ նրանց չեն հասկանում մասսաները և այլևս չկա փոխըմբռնում այդ երկու խմբերի միջև:

Քաղբանտարկյալի կարծիքով՝ արդյունքում ստացվում է տրամաբանության դեգրադացիա:

«Երբ ասում են՝ լեզուն զենք է: Լեզուն բոլոր նորմալ ժողովուրդների համար հաղորդակցման միջոց է: Ասել՝ լեզուն զենք է, նման է ասելուն, որ լեզուն սառնարան է, նույն բանն է»,- ասել է Հարությունյանը:

Անդրադառնալով երկրում ստեղծված քաղաքական վիճակին՝ Շանթ Հարությունյանն ասել է, որ քաղաքական ուժ է համարում իրեն և Պարույր Հայրիկյանին:

Քննադատելով այն ուժերին, ովքեր պահանջում են որպեսզի Հայաստանի հետ միասին Եվրասիական տնտեսական միություն մտնի նաև ԼՂՀ-ն՝ քաղբանտարկյալը նշել է. «Դու գնում ես ստրուկ դառնալու, էդ ազատատենչ ժողովրդին էլ տանում ես, կոտրում նրա պայքարը, տանում ռուսի տակ դնո՞ւմ»: 

Շանթ Հարությունյանն ու նրա 13 ընկերները մեղադրվում են 2013 թվականի նոյեմբերի 5-ին իրենց նախաձեռնած երթի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, որը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Նրանցից 3-ը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը, Արթուր Մարգարյանը, Վահե Մկրտչյանը, մեղադրվում են նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, ինչը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում։ Հայկ Հարությունյանը մեղադրվում է խուլիգանության, ինչպես նաև զգալի չափով հոգեմետ նյութ պահելու մեջ։ Այդ նյութը գտել են Հարությունյանի տան խուզարկման ժամանակ, նա և նրա հարազատները պնդում են, որ դա ընդամենը շան համար նախատեսված դեղ է եղել։

Դատախազը նաև պահանջել էր մեղադրյալ Վահե Մկրտչյանին ազատազրկել 8,5 տարով, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարով, Վարդան Վարդանյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Ավետիս Ավետիսյանին՝ 6,5 տարով, Ալեք Պողոսյանին և Հայկ Հարությունյանին՝ 6 տարով, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5,5 տարով, Միսակ Մնացականյանին, Արմեն Հովհաննիսյանին և Տիգրան Պետրոսյանին՝ 4 տարով։ Գևորգ Գևորգյանը նաև միջնորդել էր Միսակ Առաքելյանի նկատմամբ 50 հազար դրամի չափով տուգանք սահմանել։

Ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթի ընթացքը խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները իրենք են հրահրել ընդհարումը։