Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը տեղյակ չի եղել 2013 թվականի նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի այն հայտարարությանը, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անձամբ ծեծել է իրեն։ Այս մասին նա ասել է այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Մուժնիեկսի խոսքով՝ ինքը ոստիկանապետի հետ հանդիպման ժամանակ հիմնականում բարձրացրել է կանանց նկատմամբ իրականացվող բռնության խնդիրները, և այն, թե ինչպես է խնդրին վերաբերվում ոստիկանությունը։
«Սակայն նշված դեպքը, ինչպես նաև այլ դեպքեր կարող են ընդգրկվել այցելության արդյունքում պատրաստվող զեկույցում», ֊ ասել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը Շանթ Հարությունյանին համարում է քաղբանտարկյալ՝ Նիլս Մուժնիեկսը հայտարարել է, որ «քաղբանտարկյալ» եզրն օգտագործում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը
(ԵԽԽՎ), մինչդեռ ինքը՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, օգտագործում է «ընտրովի կամ քաղաքականացված արդարադատություն» եզրը։
«Ես հաճախ եմ առչնվել քաղաքականացված արդարադատությանը վերաբերող գործերին, ինչպես նաև այդ գործերով թիրախներին։ Ներկա պահին ես չեմ կարող պատասխանել՝ արդյոք ձեր կողմից նշված անձինք հանդիսանում են ընտրովի կամ քաղաքականացված արդարադատության զոհեր։ Պատճառներից մեկը, որ մենք որոշեցինք ուսումնասիրել [այս գործով] արդարադատության իրականացումը, դա ռիսկային գործոններ են՝ կապված դատավորների անկախության ու հաշվետվողականության հետ», ֊ ասել է հանձնակատարը։
Բանախոսն անդրադարձել է նաև Շանթ Հարությունյանի և այլ մեղադրյալների ընտանիքների կողմից իրեն հանձնված նամակին, որում բարձաձայնվել է անչափահաս Շահեն Հարությունյանի հարցը, ում համար դատախազը 5 տարվա ազատազրկում է պահանջել։ Եխ հանձնակատարի խոսքով՝ նա երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցում բարձրաձայնել է խնդիրը՝ ընդգծելով, որ անչափահասների նկատմամբ կիրառվող արդարադատությունը պետք է տարբերվի մեծահասակներին վերաբերող օրենքներից, և նրանք չպետք է նման պատժաչափով բանտարկվեն, քանի որ «14-15 տարեկանի համար 5 տարին ցմահ բանտարկության է նման»։ ԵԽ հանձնակատարը կոչ է արել առանձնահատուկ վերաբերմունք դրսևորել նման դեպքերին։
Լրագրողները նաև հարցրել են՝ արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Մուժնիեկսը բարձրաձայնել է անմեղության կանխավարկածը խախտելու խնդիրը, մասնավորապես, այն դեպքում, երբ Սարգսյանն ԱՄՆ֊ում իր ելույթի ժամանակ Շանթ Հարությունյանին «հանցագործ» է անվանել։
Մուժնիեկսի խոսքով՝ ինքը Սերժ Սարգսյանի հետ այդ հարցը չի քննարկել, սակայն առաջարկել է իր երևանյան թիմին ուսումնասիրության համար պաշտոնյաների կողմից անմեղության կանխավարկածը խախտելու դեպքեր ներկայացնել։ Նրա խոսքով՝ դրանք նույնպես կարող են ընդգրկվել Հայաստանի վերաբերյալ զեկույցում, որը լույս կտեսնի գալիք երկու ամսվա ընթացքում։