Հայաստանի Սահամանդրությունում կա սխալ ձևակերպում՝ «իշխանությունը պատկանում է քաղաքացուն» ձևակերպման փոխարեն՝ «իշխանությունը պատկանում է ժողովրդին», ինչը թույլ է տալիս ռեժիմին ոտնահարել քաղաքացու իրավունքները: Այս մասին այսօր իր և ընկերների գործով դատական նիստի ժամանակ հայտարարարել է «Ցեղադրկոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:
«Իշխանությունը պատկանում է ժողովրդին լղոզված արտահայտություն է, քանի որ ի՞նչ է նշանակում ժողովուրդ՝ ժողովված մարդ: 1000-ն էլ է ժողովուրդ, 5000-ն էլ է ժողովուրդ, Սփյուռքից տարեկան 150000 մարդ է գալիս, իրանք էլ են ժողովուրդ: Իշխանությունը պետք է պատկանի միայն քաղաքացուն: Սա տրամաբանական սխալ է, որը հղի է էն պրոցեսով, որով ես ստեղ դատվում եմ: Կարող է ես՝ որպես քաղաքացի, չարաշահել եմ իմ իշխանությունը, կարող է՝ չէ»,- ասել է Շանթ Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի՝ սխալ կա նաև քրեական օրենսգրքում: «Եթե Հայաստանում իշխանության առաջ բոլորը հավասար են, ապա իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժ կիրառելու հոդվածի դիմաց պետք է լինի հոդված՝ «իշխանության ներկայացուցչի կողմից քաղաքացու նկատմամբ իր սահմանադրական իրավունքը իրացնելու ժամանակ»: Երբ որ լինի երկու համարժեք հոդված, այդ ժամանակ կարող ես որոշել՝ ոստիկանի գործողությունները իրավաչափ են, թե չէ: Թե՞ ի սկզբանե որոշել եք, որ իշխանության ներկայացուցիչը չի կարող լինել հանցագործ»,- ասել է Հարությունյանը:
ԽՍՀՄ-ի և անկախ Հայաստանի իրավական համակարգերի միջև զուգահեռներ անցկացնելով՝ քաղբանտարկյալն ասել է, որ խորհրդային սահմանադրության դրույթների ճիշտ հակառակն էր ամրագրված օրենսդրությամբ: Օրինակ՝ Սահամանադրությունը թույլ էր տալիս հանրաքվե անել և դուրս գալ ԽՍՀՄ կազմից, սակայն ով նման բան նախաձեռներ, կդատվեր հակասովետական գործունեության համար: Ժամանակակից Հայաստանում էլ Սահմանադրությունն ընձեռում է ազատ ցույցեր անելու հնարավորություն, սակայն քրեական օրենսգիրքը չի պաշտպանում ցույց անող քաղաքացուն:
Ըստ Հարությունյանի՝ մեկ այլ նմանությունն է այն, որ և հայկական, և խորհրդային դատարաններում, ի տարբերություն աշխարհի, առաջնորդվում են ոչ թե անմեղության կանխավարկածով, այլ մեղավորության: «Բռնում ասում էին՝ ապացուցի, որ դու ուխտ չես։ Չէ, ախպեր, դու ապացուցի, որ ես մեղավոր եմ: Մեղմացուցիչ հանգամանքները նշել ի՞նչ իմաստ ունի, եթե մարդը ակնհայտ անմեղ է: Ի՞նչ կապ ունի՝ հինգ երեխա ունի, թե՞ չունի: Եթե հինգ երեխա ունի, կարող է մարդ սպանել ու չդատվե՞լ: Այդտեղ տրամաբանական կապ չկա»,- ասել է Շանթ Հարությունյանը:
Հարությունյանը, սակայն, նկատել է, որ նույնիսկ «խորհրդային ստոր երկրում» օրենսդրությունն ավելի հումանիստական էր, քան այսօր Հայաստանում: Օրինակ՝ Խորհրդային Միությունում արգելվում էր ՃՈ-ի կողմից երթևեկությունը խախտած անձին հետապնդելը, քանի որ մի խախտումից հետո, ոստիկանությունից փախենալով, վարորդը կարող էր ավելի մեծ հանցանք գործել, օրինակ՝ վրաերթի ենթարկել հետիոտնի:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն ու նրա 13 ընկերները մեղադրվում են 2013 թվականի նոյեմբերի 5-ին իրենց նախաձեռնած երթի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, որը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Նրանցից 3-ը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը, Արթուր Մարգարյանը, Վահե Մկրտչյանը, մեղադրվում են նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, ինչը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում։