Ռուսաստանը մտադիր չէ միջամտել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսային մարմինների աշխատանքին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24֊ին, հայտարարել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, հայտնում է «Ռեգնում» գործակալությունը։
Հարցին՝ արդյոք լուծվել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսայինի աշխատողների ներկայության հարցը, նա պատասխանել է․ «Մոտ ժամանակները չենք նախատեսում․․․ Վերջերս Հայաստանում ներկայացուցիչ եմ նշանակել։ Նա շուտով կմեկնի Հայաստան։ Ամենայն հավանականությամբ, նա կայցելի սահման, բայց հայաստանյան մաքսային մարմինների աշխատանքին միջամտել չենք պատրաստվում։ Այսօր գլխավոր հարցը աշխատանքային լեզվի հարցն է։ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի Մաքսային միությունում աշխատանքային լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, օգտագործվում է հայերենը»։