Home / Հայաստան / Հայաստանում սնդիկը ներթափանցել է սննդի մեջ․ Ecolur.org

Հայաստանում սնդիկը ներթափանցել է սննդի մեջ․ Ecolur.org

Հայաստանում սնդիկը ներթափանցել է սննդային շղթաներ, ինչը գերվտանգավոր է: Ecolur.org-ի փոխանցմամբ, այս մասին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նախնական գնահատումը Հայաստանում» ծրագրի ներածական սեմինարի ժամանակ ասել է ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:

«Հետազոտելով համալիր շրջակա միջավայրի աղտոտումը` մենք կենսոլորտի տարբեր օղակներում սկսեցինք հանդիպել սնդիկով աղտոտման և որոշ շրջաններում բացահայտեցինք, որ սնդիկն արդեն ներթափանցել է սննդային շղթաներ, ինչը գերվտանգավոր է», – ասել է Սաղաթելյանը: Նա նշել է, որ սնդիկի առկայություն գրանցվում է Հայաստանի և հյուսիսում, և հարավում` հանքարդյունաբերական շրջաններում, ինչպես նաև Երևանում, որտեղ սնդիկն առկա է փոշու, հողի մեջ և անգամ թթենու պտուղներում:

2013թ. հոկտեմբերի 10-ին Ճապոնիայի Կումամոտո քաղաքում Հայաստանի Հանրապետությունը 91 այլ երկրների հետ մեկտեղ ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան», սակայն դեռ չի վավերացրել:

Սեմինարի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը կարևորել է սնդիկի հիմնախնդրի ուսումնասիրությունը Հայաստանում, ինչի արդյունքում պարզ կլինի` Հայաստանը կվավերացնի կոնվենցիան, թե` ոչ:

Ecolu.org֊ը նշում է, որ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հետազոտությունների արդյունքում սնդիկ է հայտնաբերվել հայաստանյան շուկաներում վաճառվող կոսմետիկական միջոցներում և մանկական խաղալիքներում, ինչպես նաև շուկայում ավելացել են սնդիկ պարունակող ֆլուորեսցենտային լամպերի վաճառքի ծավալները:

Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա: Սնդիկը և դրա միացությունները հատկապես վտանգավոր են հղի կանանց համար, քանի որ դրանք սպառնալիք են երեխայի զարգացման համար: