Home / Հայաստան / Շիրակի մարզում ավտովթարի հետևանքով 7 մարդ է մահացել

Շիրակի մարզում ավտովթարի հետևանքով 7 մարդ է մահացել

Երեկ ժամը 19.15-ի սահմաններում Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ գյուղերի ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 7 մարդ է մահացել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը, Երևան-Գյումրի հատվածի 108 կմ-ում բախվել են «Գազել» մակնիշի և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները։ Դրա հետևանքով «Գազել»֊ում հրդեհ է բռնկվել, իսկ «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից հանդամասում:

Փրկարարները կարողացել են հրդեհը մարել մոտ 20-25 րոպեների ընթացքում։

1vtar

«Գազել»֊ն ամբողջությամբ այրվել է, իսկ մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել 7 ուղևորներ ու տեղափոխվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն։ Եվս 7 քաղաքացի մահացել է, նրանց մարմիններն անճանաչելի են և առայժմ հնարավոր չէ պարզել նրանցից 6-ի ինքնությունը։ Մահացածներից մեկը «Գազել»֊ի վարորդ Ռազմիկ Մկրտչյանն է եղել։ Վիրավոր քաղաքացիներից մեկը 14-ամյա պատանի է։

Ձերբակալվել է «Կամազ» վարորդ 70-ամյա Մ․ Վարդանյանը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քր․օր֊ի 242֊րդ հոդվածի 3 մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։