Շիրակի մարզում երեկ երեկոյան տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից մեկը հիվանդանոցային առաջին օգնությունից հետո դուրս է գրվել, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մեկ այլ տուժած վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ։
Պատահարի հետևանքով վիրավորներից մեկն ունի 35 տոկոս այրվածքներ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Տուժածներից մեկը՝ 14-ամյա պատանի, հիվանդանոց է տեղափոխվել բազուկների ու անրակների կոտրվածքներով, նրան կվիրահատեն:
Մյուս երեք վիրավորի վիճակը միջին ծանրության է:
Ավտովթարի հետևանքով մահացած 7 քաղաքացիներն են՝ «կամազի» հետ բախված «Գազել» ավտոմեքենայի վարորդ 59-ամյա Ռազմիկ Մկրտչյանը, ուղևորներ 55-ամյա Մարինե Նազարյանը, 60-ամյա Արամայիս Թումանյանը, 20-ամյա Վանիկ Սարգսյանը և Դավիթ Հարությունյանը, ամուսիններ 53-ամյա Հաբեթ Սեդրակյան և 49-ամյա Գայանե Սեդրակյանը։
«Կամազի» 70-ամյա վարորդ Մ․ Վարդանյանը ձերբակալված է։