«Բոյկոտում ենք համահայկական հիմնադրամը, հավաքեք հարկեր, ոչ թե նվիրատվություն»։ Այսպիսի գրությամբ վերնաշապիկներով մի քանի ամերիկահայեր բողոքի ացկիա են անցկացրել Հարավային Կալիֆորնիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀՀ) ճաշկերույթի ընթացքում։ Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ հիմնադրամը կոռումպացված մարմին է և օգնում է Հայաստանի ղեկավարներին պահպանել իրենց իշխանությունը:
Բողոքողները հայտարարում էին նաև, որ 2012 թվականի դրամահավաքի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքվել է 20 միլիոն դոլար, մինչդեռ նույն տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը չարաշահումների և հարկերը չհավաքելու պատճառով կորցրել է 750 միլիոն դոլար։
Ակցիան կազմակերպել էր ամերիկահայ լրագրող Արա Մանուկյանը։ Նման նախաձեռնությամբ նա հանդես է եկել նաև անցյալ տարի։
Լրագրողի thetruthmustbetold․com կայքի փոխանցմամբ, այս անգամ Մանուկյանի քննադատություններին պաշտոնական արձագանք է եղել։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն Արա Մանուկյանի հայտարարությունները որակել է զրպարտություն։
«Հնարավո՞ր է արդյոք չտեսնել դպրոցները, հիվանդանոցները, ճանապարհները, որ այս տարիների ընթացքում ՀՀՀ֊ն կառուցել է Հայաստանում և Արցախում», ֊ հարց է բարձրացրել Վարդանյանը։
Անդրադառնալով ՀՀՀ֊ի գործադիր տնօրենի հայտարարությանը՝ Արա Մանուկյանը գրել է․ «Ես, Արա Մանուկյանս, հայտարարում եմ, որ ես նկատել եմ այն դպրոցները, հիվանդանոցները, և այլն, որ ՀՀՀ֊ն կառուցել է՝ չնայած երբեմն հատկացված գումարին ոչ համապատասխան որակով։ Խնդիրն այն է, որ նման ծրագրեր իրականացնելը Հայաստանի և Արցախի կառավարությունների պարտականությունն են։ Այդ կառավարությունները կարող են ավելի լավ կառուցել այդ ամենը, եթե քաղաքակական կամք ունենան կոռուպցիայի դեմ պայքարում, և հարկերը հավաքեն ինչպես աղքատներից, այնպես էլ հարուստներից։ Եթե այդքան բանը չեն կարողանում անել, որպես ի՞նչ են ղեկավարում Համահայկական հիմնադրամը»։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդի անդամներն են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, բազմաթիվ այլ պաշտոնատար անձինք։
Նշենք, որ նոյեմբերի 27-ին անցկացվելիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի հանgանակությունները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ամբողջական վերակառուցմանը:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ֊ի համանախագահ, իրավապաշտպան Լարա Ահարոնյանն անդրադարձել է այդ ճանապարհի կառուցման փաստին՝ ֆեյսբուքյան իր էջում բացատրելով՝ ինչու է կողմ դրամահավաքը բոյկոտելուն. «Անկասկած, Արցախը Հայաստանին միացնելու երկրորդ ճանապարհի կարիքը կա, բայց եթե նայենք, թե որ ճանապարհն են որոշել կառուցել, դուք կտեսնենք, որ դա ծառայելու է Արցախում հանքաարդյունաբերությանը՝ բնապահպանական աղետ դառնալով տեղի բնակչության համար (Մարտակերտի շրջանում է գտնվում Դրմբոնի ոսկու հանքավայրը ֊ խմբ․): Ավելին՝ այս որոշմամբ գերակայություն է տրվում բիզնես շահերին, բիզնեսներին, որոնք պատկանում են հայ օլիգարխներին»: