Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին մեկօրյա այցով մեկնել էր Թուրքիա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երեք ժամ տևած հանդիպումից հետո նա հայտարարել է, որ «Հարավային հոսք» նախագիծը, որով նախատեսվում էր Ուկրաինայի տարածքը շրջանցող ճանապարհով տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել Հարավային և Կենտրոնական Եվրոպայի երկրներ, կասեցվում է։ Պուտինն ընդգծել է, որ այս քայլին ստիպված է գնալ ԵՄ֊ի հակազդեցության պատճառով՝ նախագծի իրականացմանը խոչընդոտում է Բուլղարիայի կողմից շինարարական աշխատանքների թույլտվության բացակայությունը։
«Գազպրոմը» մտադիր է «Հարավային հոսքի» փոխարեն կառուցել նոր գազատար դեպի Թուրքիա, որը կարող է դառնալ ռուսաստանյան գազի վաճառքի խոշորագույն միջնորդը։ Պուտինը հայտարարել է, որ, առաջին հերթին, մեծացվելու է «Երկնագույն հոսք» գազատարի հզորությունը, երկրորդը, «Գազպրոմը» Թուրքիայի տարածքում՝ թուրք-հունական սահմանին, հավելյալ գազային հանգույց է ստեղծելու։
Փորձագետները կարծում են, որ թուրքական նախագծի իրականացումը կարող է չարդարացնել Ռուսաստանի հույսերը։ Ռուսաստանյան գազի պահանջարկի էական աճ Թուրքիայում չի լինի, քանի որ երկիրը փորձում է կայունություն պահպանել տարբեր աղբյուրներից եկող մատակարարումների միջև։ Ռուսաստանը, միևնույն ժամանակ, չի ազատվում տարանցիկ ռիսկերից, քանի որ Անկարան նախկինում բազմիցս փոխել է իր դիրքորոշումն ու չեղյալ համարել համաձայնագրեր, գրում է «Կոմերսանտ»֊ը։
The New York Times պարբերականն ընդգծում է, որ ԵՄ֊ի ու ՌԴ֊ի միջև գազային դիմակայության մեջ միայն մի հաղթող կա՝ Թուրքիան, որը կոնֆլիկտից շահել է՝ իր համար ապահովելով էներգակիրների եկարատև մատակարարումներ ցածր գներով։
The Financial Times թերթը նշում է, որ Ռուսաստանն ստիպված եղավ հրաժարվել «Հարավային հոսքից», քանի որ տնտեսական պատժամիջոցները «Գազպրոմ»֊ին թույլ չտվեցին ձեռք բերել արևմտյան վարկատուների աջակցությունը, որոնք հրաժարվեցին ընկերությանը տրամադրել 14 միլիարդ եվրո՝ գազատարի օֆշորային հատվածի կառուցման համար։
Նախատեսվող թուրքական գազատարը թույլ կտա Թուրքիա, Հունաստան ու, հավանաբար, Բուլղարիա գազ մատակարարել՝ շրջանցելով Ուկրաինայի տարածքը։ Սլովակիան, Ավստրիան ու Հունգարիան կարող են գազ ստանալ «Հյուսիսային հոսքից»։ Սերբիան, Իտալիան, ինչպես նաև Արևմտյան Բալկանների որոշ պետություններ նախկինի պես կախված կլինեն Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգից։
Հակազդեցությունը, որը ԵՄ֊ն վերջին ամիսներին ցուցաբերում էր «Հարավային հոսքին», կապված էր Մոսկվայի հետ դիմակայությունում Կիևին աջակցելու Բրյուսելի ցանկության հետ։ Ուկրաինան միշտ դեմ է եղել նախագծին, որը կարող էր արժեզրկել իր ԳՏՀ֊ն։ Վերլուծաբանները ենթադրում են, որ այժմ Կիևն էլ ավելի ակտիվորեն կփորձի փոխել գազի տարանցման պայմանները։
63 միլիարդ խ.մ. հզորությամբ «Հարավային Հոսք» գազատարը նախատեսում էր Սև ծովի միջոցով ռուսաստանյան գազը արտահանել Հարավային ու Կենտրոնական Եվրոպա։ Գազատարը պետք է լիարժեք շահագործման հանձնվեր 2018 թվականին։