Home / Տեսանյութեր / Կոռուպցիայի դեմ պայքարելու համար կարևոր է իմանալ բիզնեսների իրական տերերին․ փորձագետ

Կոռուպցիայի դեմ պայքարելու համար կարևոր է իմանալ բիզնեսների իրական տերերին․ փորձագետ

Կոռուպցիայի մասին ընկալումը Հայաստանում չի փոխվում: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ – 2014» զեկույցի քննարկման ժամանակ ասել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

«Հայաստանում կոռուպցիայի աստիճանը չափելու համար հետազոտություններ չեն արվում, թեև մինչ դեկտեմբերի կեսը Հայաստանն ընդունելու է նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը և առանձնացնելու է չորս ոլորտ՝ առողջապահություն, կրթություն, ոստիկանություն և հարկային մարմիններ: Ես առաջարկել եմ հաջորդ տարին նվիրել ռիսկերի գնահատմանը, սակայն, ինչպես միշտ, Հայաստանի կառավարությունը դրա համար անհրաժեշտ գումարները պատրաստ չէ տրամադրել»,-ասել է Հոկտանյանը:

Փորձագետը նկատել է, որ Հայաստանի կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի փիլիսոփայության հիմքում ընկած է այն կարծիքը, թե էլեկտրոնային կառավարումը փրկություն է:

«Ես այս տեսակետի հետ համաձայն չեմ: Անգլերեն արդեն շրջանառվում է E-corruption (էլեկտրոնային կոռուպցիա) տերմինը, որտեղ էլեկտրոնային կառավարումը երբեմն ավելի դժվարացնում է կոռուպցիայի վերհանումը»,- ասել է նա:

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի համար, ըստ փորձագետի, կարևոր է ռազմավարություն մշակել՝ ընկերությունների իրական տերերին բացահայտելու համար: Նրա խոսքով՝ իրական սեփականատերերին բացահայտելու ռազմավարություն ունի Դանիան, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան:

«Մեզ մոտ էլ ասում են՝ սրա իրական տերը Քոչարյանն է, էսինչն է: Մենք դիմել էինք Էթիկայի հանձնաժողով՝ կապված Գագիկ Խաչատրյանի (ՀՀ ֆինանսների նախարար) և Հերմինե Նաղդալյանի (ԱԺ փոխխոսնակ) սեփականության հետ, բնականաբար ասեցին, որ իրենցը չի: Սա տարածված երևույթ է զարգացող երկրներում, երբ իրական տերերը չեն երևում: Մեծ Բրիտանիան, Դանիան և Ուկրաինան փորձում են գտնել ընկերությունների իրական տերերին: Սա Հայաստանի համար էլ շատ կարևոր կլինի, որովհետև կոռուպցիայի գլխավոր պատճառներից մեկը քաղաքական և տնտեսական վերնախավերի սերտաճումն է»,- ասել է Հոկտանյանը: 

Tekali Taxi