Եվրամիության դատարանը վճռել է, որ սեռական կողմնորոշման հիման վրա քաղաքական ապաստան խնդրող փախստականները չպետք է ստիպված լինեն իշխանություններին նույնասեռականության ապացույցներ տրամադրել, գրում է բրիտանական BBC գործակալության ռուսական ծառայությունը։
Դատարանի որոշման համաձայն՝ ԵՄ անդամ պետությունները պետք է հարգեն փախստականների արժանապատվությունն ու նման ապացույցներ չպահանջեն։ Եվրամիության դատարանի վճիռը պարտադիր է ԵՄ բոլոր անդամ պետությունների համար։
Տվյալ որոշումը կարևոր նշանակություն ունի Եվրամիության երկրների համար՝ աֆրիկյան երկրներից փախստականների թվի աճի հետ կապված։ Աֆրիկյան երկրների մեծ մասում նույնասեռականությունը համարվում է հանցագործություն։
Ավելի վաղ Նիդերլանդների դատարանը մերժել էր քաղաքական ապաստան տրամադրել երեք տղամարդկանց, որոնցից մեկը՝ Ուգանդայի քաղաքացի, քանի որ վերջիններս «չէին ապացուցել իրենց նույնասեռականությունը»։
Իր որոշման մեջ Եվրադատարանը սահմանել է, որ փախստականի սեռական կողմնորոշումը պետք է որոշվի անձնական ու ընտանեկան կյանքը հարգող եվրոպական օրենքներին համապատասխան։
Մասնավորապես, վճռի մեջ ասվում է, որ նույնասեռականության ապացույցները նվաստացնում են մարդու արժանապատվությունը, նույնիսկ եթե կամավոր կերպով տրամադրվում են հայցողների կողմից։
Այժմ իշխանությունների ներկայացուցիչներն իրավունք ունեն հայցողներին հարցնել նրանց սեռական կողմնորոշման մասին, բայց չեն կարող հարցեր տալ նրանց սեռական կյանքի մանրամասների մասին։
Դատարանի համաձայն՝ հայցողի՝ անձնական հանգամանքների մասին հարցերին չպատասխանելը բավարար պատճառ չէ ապաստանի տրամադրումը մերժելու համար։
Նախորդ տարի Եվրոպական դատարանը մեկ այլ վճիռ էր կայացրել, որի համաձայն, նույնասեռականները, որոնց աֆրիկյան երկրներում ազատազրկում է սպառնում իրենց սեռական կողմնորոշման համար, իրավունք ունեն փախստականի կարգավիճակ խնդրել ԵՄ անդամ պետություններից։