Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում դեկտեմբերի լույս 4֊ի գիշերը հնչել են պայթյուններ ու կրակոցներ․ քաղաքում անցակցվում է հատուկ գործողություն մոտ 200 զինյալներին չեզոքացնելու ուղղությամբ, որոնք, տարբեր աղբյուրների համաձայն, ցրված են ամբողջ քաղաքում։
Ամեն ինչ սկսվել է մայրաքաղաքի կենտրոնում ավտոմեքենայի պայթյունից, այնուհետև գրոհայինների մի խումբ հաստատվել է Տպագրության տանը, սկսվել է պայքար։ Տպագրության տունը գտնվում է պետության կառավարության, մի շարք վարչական շենքերի, առևտրի կենտրոնի մոտակայքում։ Այդ շենքում են տեղակայված բազմաթիվ հանրապետական ԶԼՄ֊ների խմբագրություններ, դրան կից գտնվում է պետական հեռուստատեսության շենքը։
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում տղամարդը, որը ներկայանում է որպես «Կովկասի Իմարաթ» ահաբեկչական կազմակերպության մոջահիդ, չեչեներենով ասում է, որ Ամիր Համզաթի հրամանով Գրոզնիի վրա հարձակվել են «մեծ թվով գրոհայիններ» ու նրանք եկել են «վրեժ լուծելու մահմեդական կանանց ճնշումների համար»։
Տեսանյութում տղամարդը պնդում է, որ զինյալները ոչնչացրել են ռազմական շարասյուներ ու «նվաճել բազմաթիվ ավարներ» (ավելի վաղ գրոհայինների մոտ մեծ թվով զենքի մասին հայտարարել էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը)։ «Մենք ցրված ենք քաղաքով»,֊ պնդում է տղամարդը։
Գրոզնիում լուրեր են տարածվել, թե քաղաք է մտել շուրջ 400 գրոհային։ Մասնավորապես, Բլոգեր Ռուստամ Ադագամովը «Ֆեյսբուք»֊ում գրել է․ «Այնտեղ բնակվող իմ լավ ծանոթն ասում է, որ քաղաք է մտել առնվազն հարյուր ահաբեկիչ։ Իսկ մզկիթի մինարեթից բարձրախոսով հայտարարել են, որ քաղաքին են մոտենում ևս 300֊ը»։
Ականատեսների վկայությունների համաձայն՝ հատուկ գործողության իրականացման վայր են բերվել զրահապատ տրանսպորտային միջոցներ։
Դեկտեմբերի 4֊ի առավոտյան Ռամզան Քադիրովը, ով անձամբ է ղեկավարում գործողությունը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Տպագրության տանը ոչնչացվել է 7 գրոհային։
Դրանից առաջ Քադիրովը «Ինսթագրամ»֊ի իր էջում գրել էր․ «Շները շների պես սատկում են»։ Առավոտյան ժամը 8֊ի դրությամբ հայտարարվել է գործողության ավարտի մասին, որի ընթացքում, պաշտոնական տվյալների համաձայն, վիրավորվել է 21 մարդ, 4֊ը՝ սպանվել։ Սպանված գրոհայինների թվի մասին խոսել է միայն Քադիրովը։
Մինչ այդ հակասական տվյալներ էին հայտնվել խաղաղ բնակիչների մասին, որոնք գրավման պահին կարող էին գտնվել Տպագրության տանը։ «Կովկասյան հանգույց» լրատվականի աղբյուրը պնդում է, որ զինյալների կողմից գրավված շենքում եղել է 10 մարդ, ովքեր «թաքնվել են գրասենյակներից մեկում»։
Տպագրության տանը գրոհայինների ոչնչացման մասին հաղորդագրությունից հետո Քադիրովը հայտարարել է, որ մի քանի զինյալ հայտնաբերվել է Գրոզնիի կենտրոնում գտնվող դպրոցներից մեկում․ «Այժմ նրանք շրջափակման մեջ են, ու իրականացվում է գործողություն նրանց ոչնչացման ուղղությամբ»։
«Կան նաև այնպիսիք, որոնք նստած են դպրոցում։ Վստահ եմ, որ մնացել է 17 րոպե։ Եթե լավ ռազմավար եմ, ապա կավարտեմ 15֊17 րոպեից»,֊ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հայտարարել է Քադիրովը առավոտյան ժամը 8֊ի սահմաններում։ Ժամը 8։36֊ին «Կոմերսանտ Online»֊ը հայտարարել է, որ Տպագրության տան շրջակայքում փոխհրաձգությունն դադարեցվել է։ 9։13֊ին, «ՌԻԱ Նովոստի»֊ի հաղորդմամբ, Տպագրության տան բարձր հարկերն այրվում էին, իսկ հատուկ գործողությունը՝ շարունակվում։
«Կավպոլիտ»֊ի փոխանցմամբ՝ գրոհայինները գրավել են Գրոզնիի N20 դպրոցը։