«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովում, դիմելով պատգամավորներին, կոչ է արել նրանց չգալ ԱԺ և չքվեարկել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագրի համար:
«Ինչքան էլ ձեզ բերման ենթարկեն, հիվանդացեք, տանը մնացեք, մի քվեարկեք»,- ասել է Փոստանջյանը: Նա հատկապես դիմել է ԱԺ գործարար պատգամավորներին՝ նշելով, որ Ռուսաստանի օլիգարխների հետ կատարվող երևույթները սպառնում են նաև հայաստանցի օլիգարխներին:
«Ի՞նչ է նշանակում բերման ենթարկել, բարեկիրթ խոսեք»,- պատգամավորի ելույթն ընդհատել են դահլիճից:
«Այո, բերման են ենթարկում, դուք չունեք ձեր խղճի հետ հաշտ լինելու հնարավորություն: Դուք գալիս եք ու պատվերի ներքո հայտարարություններ եք անում»,- հասցրել է արձագանքել Զարուհի Փոստանջյանը, ում բարձրախոսը հերթական անգամ անջատել են:
Փոստանջյանին ընդհատել սկսել էին դեռ այն բանից հետո, երբ նա ընթերցել է ռուս գրող Կիրիլ Սերեբրեննիկովի հարցազրույցից մեջբերումներ՝ ռուսերենով:
Դահլիճից բղավում էին, որ պատգամավորը պետք է խոսի հայերեն, այլապես խախտում է ՀՀ Լեզվի մասին օրենքը:
«Մաքսային միությանը միանալով` փաստաթղթերը սկսելու եք լրացնել ռուսերենով, հենց այնպես չեմ ռուսերեն ցիտում, դուք այդ լեզուն շատ լավ հասկանում եք, և նախկինում դուք եք աշխատել այդ լեզվով»,- ՀՀԿ-ական պատգամավորներին պատասխանել է Փոստանջյանը, սակայն աղմուկը դահլիճում չի հանդարտվել:
«Դուք բոլորդ եք տեսնում` ինչ է տեղի ունենում ՌԴ-ում, հենց դուք եք սպասում, թե ինչ է տեղի ունենալու հունվարի 1-ից հետո: Այս խորհրդարանը չի գիտակցում՝ սա ուր է մեզ տանելու: Հայ ժողովուրդը կապ չունի այն ամենի հետ, ինչ հիմա տեղի է ունենում: Մենք պետք է ձևակերպենք՝ որն է մեր ազգային ծրագիրը: Նույնիսկ ՀՅԴ-ն չի կարողանում մեր ազգային ծրագիրը մշակել: Այս համաձայնագրով ապացուցվում է, որ 20 տարիները կորցրեցինք և չկայացանք, ցավս այն է, որ Դաշնակցությունը ևս միանում է այս ամենին»,- ասել է Փոստանջյանը:
Պատգամավորը ԵՏՄ մտնելու հարցի համատեքստում խոսել է նաև ԼՂՀ-ի մասին: «Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի կողմից շատ վտանգավոր հայտարարություն արվեց, որ Արցախը Հայաստան չէ: Դուք պատկերացրեք՝ ինչ սեպ ենք խրում մեր մեջ: Այս պայմանագրին միանալով՝ մենք անտեսել ենք Արցախի Հանրապետությունը»,- ասել է Փոստանջյանը: