Թուրքահայ հրապարակախոս, լեզվաբան Սևան Նշանյանի ազատազրկման ժամկետն ավելացվել է՝ հասցվելով 11 տարի 8 ամսվա։ Ստամբուլում հայերեն ու թուրքերեն լեզուներով լույս տեսնով «Ակօս» պարբերականի փոխանցմամբ՝ Նշանյանի փաստաբան Մուրաթ Աքչըն հայտնել է, որ եթե Սահմանադրական դատարանը վճիռը չփոխի, ապա Նշանյանը կարող է տարիներով մնալ բանտում։ Ըստ փաստաբանի՝ չկա որևէ այլ գործ, որով անձը խստացված ռեժիմով բանտում պահվի այն մեղադրանքով, որն առաջադրված է Նշանյանին։ Փաստաբանը հայտնել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել այս որոշումները։
Սևան Նշանյանին, ով ներկայումս գտնվում է Այդըն Յենիփազար բանտում, մեղավոր են ճանաչել մշակութային ու բնական արժեքների վերաբերյալ օրենքը խախտելու մեջ և դատապարտել 5,2 տարվա ազատազրկման, ինչպես նաև տուգանել են 12․600 թուրքական լիրայի չափով։
Այս տարվա մարտին Նշանյանը մեղավոր էր ճանաչվել «պաշտպանության տակ գտնվող անշարժ մշակութային արժեքներին դիտավորությամբ վնաս պատճառելու» մեջ ու դատապարտվել 2 տարվա ազատազրկման՝ Իզմիրի Շիրինջե գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող իրեն պատկանող հողամասում 40 ք/մ տարածքի վրա տուն կառուցելու համար։ Բանտում գտնվելու ընթացքում նրա մեղադրանքը ծանրացվել է, և պատժաչափն ավելացվել է՝ հասցվելով 6 տարի 6 ամսվա։
Նշանյանը կալանավորվել էր 2014 թվականի հունվարի 2֊ին։