Վրացական Georgian Airways ավիաընկերությունը դեկտեմբերի 10֊ից դադարեցնում է չվերթները դեպի Ռուսաստան՝ աշխատակիցների գործադուլի պատճառով։ Georgia Online կայքի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 9֊ին հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերությունը։
«Իմեդիի» տվյալներով՝ գործադուլ են հայտարարել ավիաընկերության տեխնիկական ծառայությունները, որոնք դժգոհ են Վրաստանի իշխանությունների՝ ռուսական փոխադրողներին Ռուսաստանի ու Վրաստանի միջև առաջնահերթության կարգով չվերթներ իրականացնելու թույլտվության որոշումից։
Թբիլիսիի ու Մոսկվայի միջև ավիահաղորդակցության վերականգնումից հետո կանոնավոր չվերթներ իրականացնում են երեք ավիաընկերություններ, որոնցից երկուսը ռուսական՝ «Սիբիրն» ու «Աէրոֆլոտը»։ Վրացական կողմից չվերթներ է իրականացնում միայն Georgian Airways֊ը։
Նշենք, որ ավելի վաղ Վրաստանը մերժել էր դեպի Թբիլիսի ռուսական «Տրանսաէրո» ընկերության կանոնավոր չվերթների թույլտվությունն ու կրճատել «Աէրոֆլոտ» և «Սիբիր» ընկերությունների չվերթները՝ շաբաթական 14-ից հասցնելով 10-ի՝ ռուսաստանյան խոշորագույն ավիաընկերությունների հետ մրցակցող Georgian Airways ազգային փոխադրողի շահերը պաշտպանելու համար։