Home / Հայաստան / ՀՀԿ֊ն տապալեց ոչ իշխանական խմբակցությունների՝ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությունը

ՀՀԿ֊ն տապալեց ոչ իշխանական խմբակցությունների՝ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությունը

Երեկ 18։30֊ին ոչ իշխանական ուժերի պահանջով Ազգային ժողովում պետք է արտահերթ նիստ գումարվեր՝ ազատամարտիկների և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակումները քննարկելու նպատակով։ Նիստը, սակայն, տապալվել է ՀՀԿ խմբակցության պատգամավորների կողմից։

Երեկ կեսօրին ոչ իշխանական 4 խմբակցություններ՝ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» և ՕԵԿ, բոյկոտել էին կառավարության կողմից վերցվելիք վարկերին նվիրված ԱԺ արտահերթ նիստը՝ պահանջելով հարձակումների խնդրին նվիրված նիստ հրավիրել։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել էր, որ այն կհրավիրվի միայն 18։30֊ին, սակայն այդ ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավորները չեն ներկայացել։

18.30-ի դրությամբ գրանցվել է ընդամենը 45 պատգամավոր: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում ևս քվորումի համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստը հայտարարել է չկայացած` քվորում չապահովելու պատճառով:

Նշենք, որ ոչ իշխանական խմբակցությունները արտահերթ նիստին պատրաստվում էին Ազգային ժողովի հայտարարության հետևյալ նախագիծը ներկայացնել․

«Վերջին շրջանում տեղի ունեցած բռնարարքները՝ ավտոմեքենաների հրկիզում, քաղաքացիական ակտիվիստների և ազատամարտիկների ծեծ, հարձակում ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա, առաջացրել են Ազգային Ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի խորը մտահոգությունն ու անհանգստությունը։ Խոստորեն դատապարատելի է փոխոստիկանապետ, Ներքին Զորքերի հրամանատարի հայտարարությունը՝ իրեն օրենքից վեր դասելու և քաղաքացիներին սպառնալու մասին, ինչը անհամատեղելի է ոստիկանության բարձրաստիճան պատոնյայի կարգավիճակին։

Ազգային Ժողովը պահանջում է.

1. Ազգային Ժողովը խստորեն դատապարտում է տեղի ունեցած բռնարարաքները և իրավապահ մարմիններից պահանջում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ սեղմ ժամկետներում այս հանցագործությունների կազմակերպիչ, կամ մեղսակից բոլոր անձանց ի հայտ բերելու, և օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

2. Բռնության կոչերի և դատապարտելի հայտարությունների համար անհապաղ պաշտոնանանկ անել Ոստիկանության Զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին։

3. Ազգային Ժողովը պահանջում է ձեռնակել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ այսուհետ կանխելու քաղաքակիրթ և ժողովրդավար երկրին անհարիր նման երևույթները»։