ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր ԱԺ-ում հնչեցրած իր ելույթում արդարացրել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակումը՝ հարձակման մեջ կասկածվող Արշակ Սվազյանին «թասիբով տղա» անվանելով:
«Նույն մեր ընկեր Արամ Մանուկյանը ամբողջ ժողովրդի դեմ կարա դնի ու հանրապետության նախագահին քրֆի: Այ էդ ժամանակ, եթե մենք մի հատ մեր ընկերոջն էդ ապտակը տայինք հենց Ազգային ժողովում, էսօր էդ մարդը մեր ընկերոջը ապտակ չէր տա: Հիմա մեր բոլորի սխալն ա, որ մեջներս էդքան տղամարդկություն չկար, որ հելնինք, մի չափալաղ տինք ու ասինք՝ դու քանի՞ գլուխ ունես, այ Արամ, որ հանրապետության նախագահին ժողովրդի մոտ մեր ես քրֆում: Բա էդ որ քֆուր էիր տալի, չէի՞ր մտածում, որ կարող ա մի հատ տղա գա ու տա բերնիդ»,֊ – ասել է Սարոյանը՝ հավելելով, որ բոլորը դատապարտում են հարձակումը, բայց ոչ ոք չի խոսում դրա պատճառների մասին։ Ըստ գեներալ Սարոյանի՝ դեմոկրատիան «քրվելը չէ» և հետո դրա համար պատասխան չտալը։
«Ժողովրդի լեզվով պտի խոսանք, ժողովուրդն էլ հասկանա: Արամ Մանուկյան, ինչի էիր քրֆում թեկուզ սովորական տղու, դու՝ կուլտուրական մարդ: Երբ որ ես ու Շմայսը (ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյան – խմբ») քրֆենք՝ ջհայնամ, բա դու ուր ես քրֆում, արա: Էսօր շոֆեր կեղի, բանվոր կեղի, ավելի թասիբով տղա ա, քան մենք ստեղ սաղս նստած», – հայտարարել է ՀՀԿ խմբակցոթւյան անդամը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Աբովյան քաղաքում կայացած Եռյակի հանրահավաքներից մեկի ժամանակ Արամ Մանուկյանն ասել էր. «Բայց կա մի ուրիշ ժողովուրդ, որի համար ես հպարտ եմ, դա ձեր տեսակն է, որ ասում է՝ Սերժի տիրոջ մերն էլ, Սաշիկինն էլ, Միշիկինն էլ, երկրի տերը ես եմ»։
Գեներալ Սարոյանն իր ելույթում անդրադարձել է նաև ազատամարտիկների վրա հարձակումներին: Սարոյանն ասել է, որ դրանք անձնական վեճեր են փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի միջև։ Նախորդ շաբաթ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Պետրոսյանին ծեծել են Երանոսյանի հրահանգով։
«Մարտական ընկերներ են: Հիմա, որ Լյովան ու Ռազմիկը իրար հետ բարիշեն, մենք խայտառակ ենք լինելու, վատամարդը մենք ենք լինելու։ Սթրվենք, ազատամարտիկների հետ գործ չունենք, մենք մեր ընկերներով այդ հարցին լուծում կտանք, ով էլ մեղավոր է, մենք մեր ձևով կարանք ասենք՝ հո դուք էշ չեք, էս ի՞նչ եք անում», – ասել է Սարոյանը։