Home / Տեսանյութեր / Թուրքական քարոզչության մեջ մեղադրողը գիրք է թարգմանել հայ-թուրքական ծրագրի միջոցներով

Թուրքական քարոզչության մեջ մեղադրողը գիրք է թարգմանել հայ-թուրքական ծրագրի միջոցներով

Հայոց Ցեղասպանությունը կազմակերպած թուրք քաղաքական գործիչներից մեկի ՝ Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի գիրքը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը թարգմանել է «Հրանտ Դինք» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հայկակ Արշամյանը: Կենտրոնն այն կազմակերպությունների շարքում է, ում հասցեին մեղադրանք է հնչեցրել Մելքոնյանը։ Թուրքագետը հայտարարել էր, որ որոշ կազմակերպություններ, այդ թվում՝ «Հրանտ Դինք», «Սիվիլիթաս», «Եվրասիա» հիմնադրամները, Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հայաստանում թուրքական քարոզչություն են իրականացնում: Ըստ Մելքոնյանի՝ կազմակերպությունները 2014 թ. հունվարին Եվրոպական միության կողմից ստացել են 2 մլն եվրո՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին աջակցելու հանար, իսկ գրանտային ծրագիրը շարունակվելու է մինչև 2015թ. ապրիլի 24-ը:

Մելքոնյանը, փաստորեն, քննադատության է ենթարկում այն կազմակերպությանը և ծրագիրը, որի ֆինանսական աջակցությամբ ինքը թարգմանել է Հասան Ջեմալի գիրքը:

Խոսելով թուրքագետի հնչեցրած մեղադրանքների մասին՝ Հայկակ Արշամյանն ասել է, որ իրենց կազմակերպությունը «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի մաս է կազմում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից:

«Կոնսորցիումի անդամ յուրաքանչյուր կազմակերպություն ունի իր առանձին ծրագրերը հիշյալ մեծ ծրագրի շրջանակներում։ Ընդ որում, ուզում եմ նշել, որ ծրագիրը ավարտվում է ոչ թե 2015 թվականի ապրիլին, այլ հունիսին, ուստի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրվա սիմվոլիկայի հետ չի կապվում, ինչպես դա երբեմն սխալմամբ շեշտվում է ծրագիրը քննադատողների կողմից։ Եվս մի հանգամանք. ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի մասին տեղեկատվությունը հենց ծրագրի սկզբից տարածվել է լրատվամիջոցներում, կոնսորցիումի անդամ կազմակերպությունների կայքերում պարբերաբար նյութեր են տեղադրվում այդ ծրագրի իրականացման ընթացքի մասին, կոնսորցիումն ունի նաև ընդհանուր օնլայն պլատֆորմ, որը բաց է բոլորի համար՝ www.armenia-turkey.net։ Այսինքն, այս ծրագրի իրականացման շուրջ սկանդալ սարքելն այնքան էլ տեղին չէ, երբ համենայնդեպս հայ-թուրքական հարաբերություններով զբաղվողները գոնե մինչ այդ տեղյակ են եղել սույն ծրագրի իրականացման մասին: Իսկ գրանտակերության ու թուրքամետ ծրագրեր իրականացնելու առումով ավելորդ եմ համարում որևէ մեկնաբանություն կատարել», – նշել է Արշամյանը:

Epress.am-ի հետ զրույցում Ռուբեն Մելքոնյանն ասել է, որ չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ իր անձնական հաշիվների մասին:

«Նույնիսկ եթե ես ստացել եմ որևէ գումար, ես որևէ գրանտային փաստաթղթի տակ չեմ ստորագրել»,- ասել է Մելքոնյանը:

Նա հաստատել է, որ Հասան Ջեմալի գրքի թարգմանության հարցում համագործակցել է «Հրանտ Դինք» հիմանդրամի հետ: Թուրքագետը, սակայն, պատմել է, որ աշխատանքային գործընթացում մի շարք խնդիրներ են առաջացել: Մելքոնյանի խոսքով՝  ինքը խնդրել է անձամբ զբաղվել գրքի հրատարակությամբ և խոստացել է հովանավոր գտնել։ Հիմնադրամը համաձայնել է՝ պայման դնելով, որ հրատարակությունը բիզնես նպատակ չպետք է հետապնդի: Ըստ Մելքոնյանի՝ հետագայում հիմնադրամը փոխել է որոշումը՝ ասելով, որ գիրքը կհրատարակի Ստամբուլում, սակայն այն ի վերջո լույս է տեսել  Երևանում՝ «Անտարես» հրատարակչությունում: Թուրքագետի խոսքով՝ մինչ հիմնադրամի մտափոխվելը, ինքն արդեն ծախսեր էր արել և գիրքն ուղարկել տպարան։

Լուսանկարը՝ ysu.am