Home / Հայաստան / «Բռնություններն անձամբ Սերժ Սարգսյանն է հրահանգավորում». Փաշինյանը դեմ է ԱԺ-ի հայտարարությանը

«Բռնություններն անձամբ Սերժ Սարգսյանն է հրահանգավորում». Փաշինյանը դեմ է ԱԺ-ի հայտարարությանը

Վերջին շրջանում քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնություններն անձամբ Սերժ Սարգսյանն է հրահանգավորում: Նա ընդամենը ցույց է տալիս, որ, 10 մարդու սպանությամբ իշխանության գալով, շարունակում է տիրապետել այդ իշխանությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ Սարգսյանի թիմի համար իշխանություն ունենալ նշանակում է ում ուզենալ խփել, քացու տակ տալ և չպատժվել։ 

«Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ սա միայն ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների դեմ է ուղղված։ Սա նաև հենց Հանրապետական խմբակցության դեմ է ուղղված։ Իր քաղաքական հենարան հանդիսացող քաղաքական ուժը պետք է միշտ տեռորի տակ լինի։ Էդ Արամ Մանուկյանին պոդյեզդում ծեծում են, բա Հանրապետական պատգամավոր մի բան չանի, պոդյեզդներում կգյուլեն։ Ոչ մեկդ Ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանից լավ տղա չլինի», – ասել է Փաշինյանը։

Ըստ նրա՝ նման հանցագործությունները Հայաստանում կամ չեն բացահայտվում, կամ այնպես են բացահայտվում, որ ավելի լավ է՝ չբացահայտվեն։

«Արամ Մանուկյանի հետ կապված դեպքի հետաքննությունը կպարզի, որ Ազգային ժողովի պատգամավոր Առաքել Մովսիսյանը ոչ մի կապ չունի հարձակվողի հետ», – հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավորը:

Փաշինյանը նշել է, որ ինքը չի ստորագրի բռնությունը դատապարտող փաստաթղթի տակ, որը պատրասվում է ընդունել ԱԺ-ն: Նա նշել է, որ իշխանությունը գնացել է այդ հայտարարությունն ընդունելուն իր վրայից մեղքը մաքրելու համար։ Փաշինյանն ընդգծել է, որ ինչպես ժամանակին ինքը չցանկացավ Մարտի 1-ի զոհերի հիշատակը ԱԺ-ում հարգել որոշ մարդկանց հետ միասին, այնպես էլ չի քվեարկի բռնության դեմ հայտարարության համար մի քանի կոնկրետ անձանց հետ, որովհետև այդ մարդիկ այսօր երեկոյան դուրս կգան Ազգային ժողովից, և «ինչ-որ մեկը պադյեզդում կարող է ծեծվի»:

Նշենք, որ այսօր հրավիրված արտահերթ նիստին քննարկվել է ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի և ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած բռնությունների դեմ ուղղված ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը, ըստ որի ԱԺ-ն.

1. Անթույլատրելի ու դատապարտելի է համարում մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը բռնությամբ լռեցնելու ցանկացած փորձ,

2. Դատապարտում է վերջին օրերին առանձին պաշտոնյաների և քաղաքական գործիչների անընդունելի կեցվածքն ու հրապարակային արտահայտությունները,

3. Դատապարտում է երկրի միջազգային վարկն ու ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն,

4. Առանձնահատուկ կարևորում է հասարակական-քաղաքական գործընթացներում զսպվածություն, հանդուրժողականություն պահպանելը, փոխադարձ վիրավորանքներից հրաժարվելը,

5. Վերահաստատում է Ազգային ժողովի բարձր պատասխանատվությունը երկրում օրինականություն և բարոյաքաղաքական առողջ մթնոլորտ ապահովելու գործում:

ՀՀ Ազգային ժողովը իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները եւ բացահայտել հասարակական գործիչների, ազատամարտիկների, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կատարված բռնարարքների հեղինակներին և պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ:

Տվյալ հայտարարությունն ընդունվել է 71 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: ՀԱԿ, Ժառանգություն, ՕԵԿ և ԲՀԿ խմբակցությունները բոյկոտել են քվեարկությունը: