Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189-4 հոդվածը նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրապատիկի չափով տուգանք է նախատեսում՝ հանրային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա հայերեն թարգմանությունը չապահովելու համար: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում երեկ գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նմանատիպ գործերով վարչական վարույթ իրականացնող մարմինը Լեզվի պետական տեսչությունն է:
«Գրություն եմ հղել ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանին՝ ս/թ դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում տեղի ունեցած իրավախախտման վերաբերյալ, երբ Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ չէր ապահովել ոչ հայերեն ելույթների համաժամանակյա հայերեն թարգմանությունը և միջոցառումն ընթացել էր միայն ռուսերենով: Լեզվի պետական տեսչությունը պարտավոր է իրականացնել վարույթ, բացահայտել և տուգանել մեղավորներին», ֊ գրել է Փաշինյանը: