Home / Հայաստան / Անհայտ ավտոմեքենան հետապնդել է Ժիրայր Սեֆիլյանի կնոջը և երեխային․ «Նախախորհրդարան»

Անհայտ ավտոմեքենան հետապնդել է Ժիրայր Սեֆիլյանի կնոջը և երեխային․ «Նախախորհրդարան»

Դեկտեմբերի 18-ին, ժամը 16:30-17:00-ի ժամանակահատվածում ՎԱԶ 2106 մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով չորս անծանոթ տղամարդիկ հետապնդել են «Նախախորհրդարան» շարժման անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի տիկնոջը՝ Նանոր Սեֆիլյան-Բարսեղյանին և նրանց մանկահասակ երեխային, պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է «Նախախորհրդարանը»:

Հետապնդողների ավտոմեքենայի կողապակիները մգեցված են եղել, իսկ դիմապակին՝ թափանցիկ:

Նանոր Սեֆիլյան-Բարսեղյանը երեխայի հետ միասին իր անձնական օգտագործման ավտոմեքենայով ուղևորվել է Մերգելյան ինստիտուտի մոտակայքից դեպի Զեյթուն թաղամասում գտնվող իրենց բնակարան:
Տուն հասնելուց հետո հետապնդողները որոշ հեռավորության վրա իջել են ավտոմեքենայից և սպասել, մինչև Նանոր Սէֆիլյան-Բարսեղյանը կայանել է իր ավտոմեքենան և երեխայի հետ միասին բարձրացել տուն։:

Այնուհետև նրանք ևս որոշ ժամանակ մնացել են նույն տեղում և հեռացել, նշում է «Նախախորհրդարանը»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին անհայտ անձինք Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հարձակվել և ծեծել էին «Նախախորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին, բացի դա, հրկիզել էին «Նախախորհրդարանի» մի քանի անդամների ավտոմեքենաները։ Նախորդ տարվա ընթացքում անհայտ անձինք ավտոմեքենաներով հետևել են նաև Սեֆիլյանին։